Նախկիններ-ներկաներ հակադրությունը մեզանում նոր երեւույթ չէ։ Ճիշտ է, այն 2018-ից հետո դարձավ իշխանական քարոզչության-ինքնացուցադրման-ինքնահաստատման- ինքնարդարացման գլխավոր առանցքը, բայց դրա հիմքերը Քոչարյանի օրոք են դրվել։ Այդ շրջանում է կտրվել մեր կապը մեր անցյալից։ Քոչարյանի ժամանակներից է իշխանության քարոզչամեքենան լծվել անցյալը մերժելու եւ սեւացնելու գործին, ինչը շարունակվել է Սերժ Սարգսյանի իշխանության ողջ ընթացքում։
Կարծում էին, թե թիրախավորելով անցյալը՝ կհաստատվեն իրենք ու հեղինակություն ձեռք կբերեն։ Բայց ո՛չ հեղինակություն ձեռք բերեցին, ո՛չ հաստատվեցին։ Լեգիտիմության պակասը, որին Քոչարյանը բախվեց 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա 2008-ից սկսած ուղեկցեց Սարգսյանին, նրանց անընդունելի դարձրեց։
Իշխանության պահպանումը դարձավ նրանց գլխավոր խնդիրը, ինչը լուծելու համար ներքին ռեսուրսները բավարար չէին, պետք էր արտաքին աջակցություն։ Նման անփոխարինելի աջակից դարձավ Մոսկվան, որի բարեհաճությունից օգտվելու համար ցանկացած զիջման էին պատրաստ։ Անկախ հռչակված ու իր ոտքերի վրա ամուր կանգնած, իր պատմության առաջին տարիների փորձությունները հաղթահարած երկիրը սկսեց քայլ առ քայլ կորցնել ինքնիշխանությունը, դուրս մղվեց տարածաշրջանային տնտեսական ծրագրերից, վերածվեց անկլավի ու Ռուսաստանից կախված խամաճիկ մի պետության։
Փաշինյանն իշխանության եկավ հինը մերժելով։ Հինը մերժելի էր։ Կեղծված նախագահական ընտրությունները, բռնությունները, խաղաղ ցուցարարների գնդակահարությունը, ժողովրդավարության բացակայությունը, կամայականություններն ու կոռուպցիան անպատասխան մնալ չէին կարող։
Համաժողովրդական շարժման միջոցով հնից ազատվելու փորձեր եղել են միշտ։ Հաջողությունը, բայց, եղավ 2018-ին։ Մարդիկ հրապարակ էին դուրս եկել ոչ թե հանուն Փաշինյանի, այլ Սարգսյանի չընդհատվող իշխանությունը մերժելու վճռականությամբ։ Այդ մերժումն էլ Փաշինյանին հաջողություն բերեց։
Նույն այդ մերժումը 2021-ի ընտրությունների ժամանակ նրան, չնայած 2020-ի ջախջախիչ պարտությանը, կրկին իշխանություն ապահովեց։ Այսօր էլ նրա գլխավոր հենարանն այդ մերժումն է, որը բացարձակացվել եւ, ըստ էության, համընդհանուր մերժման է վերածվել։ Մերժվում է ողջը։ Այդ «ողջ»-ի մեջ նաեւ պետությունն է։ Չկան արգելակներ, որոնք, գոնե պետության դեպքում, կզսպեն: Հանուն սեփական իշխանության ամրապնդման, հանուն սեփական տապալումների արդարացման աղավաղվում ու, բոլոր ձեռքբերումներով հանդերձ, մերժվում է մեր ողջ անցյալը։
Մեզ պատած այս աղետն անգամ առիթ չի դառնում, որ վերլուծեն ու վերջնականապես հասկանան՝ պետության կարեւորության, պետության անձեռնմխելիության, ինքնիշխանության անհրաժեշտության չգիտակցումն է դարձել մեզ մեր այսօրվա վիճակին հասցրած ճակատագրական սխալների գլխավոր պատճառ։
Եթե յուրաքանչյուր նոր եկած իշխանություն մերժում է ամբողջը, ինչ եղել է իրենից առաջ, եթե յուրաքանչյուր նոր իշխանություն զրոյից սկսել է պատրաստվում, ապա առաջ գնալու մասին խոսք լինել չի կարող։
Պետությունը նման է շինության, որի հիմքերն անընդհատ պետք է ամրացվեն, իսկ յուրաքանչյուր նոր իշխանություն այդ մշտապես ամրացվող հիմքերի վրա քարերի իր շարքը պետք է դնի։ Հիմքերի խարխլումը պետության ապամոնտաժում է նշանակում, ինչն արդարացում ունենալ չի կարող։
Նախկիններ-ներկաներ սահմանազատումը չպետք է պետության մերժման վերածվի։ Պետությունը պետք է լինի շարունակական, ճանաչի իր անցած ճանապարհը։ Իր պատմության հետ, բոլոր վայրիվերումներով հանդերձ, լինի հաշտ։
Իշխանությունը ժամանակավոր է, պետությունը՝ հարատեւ։ Պետությունը սեփական ծրագրերին ծառայեցնելը, ինչպես նաեւ սեփական անձի ու պետության նույնականացումը դեպի տապալում տանող ամենակարճ ճանապարհներն են։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։