ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը հունիսի 21-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ սպասվող հանդիպումներին: Պատելը շեշտել է, որ Վաշինգտոնում անհամբերությամբ սպասում են բանակցությունների մեկ այլ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը կշարունակեն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները: Ըստ փոխխոսնակի՝ ԱՄՆ-ում հավատում են, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու հիմքն է: «Կարծում ենք՝ լարվածության հրահրման եւ բարձրացմանն ուղղված քայլերն անարդյունավետ են այս պահին, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները ընթանում են տարբեր հարթակներում: Շարունակում ենք ներգրավված լինել այս հարցում եւ ակնկալում ենք, որ շուտով կհյուրընկալենք բանակցությունների եւս մեկ փուլ»,-ընդգծել է Պատելը:
Անդրադառնալով ԱՄՆ միջնորդության վերաբերյալ արտգործնախարար Լավրովի մեկնաբանությանը, փոխխոսնակը նշել է որ եթե ՌԴ-ում կարծում են՝ կարող են կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, սակայն ԱՄՆ-ում շարունակում են զգալ, որ այս բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։ «ԱՄՆ-ն այս հարցում կարեւոր դեր է ունեցել: Այդ հարցով անձամբ զբաղվել է պետքարտուղարը: Դուք տեղյակ եք բազմաթիվ ներգրավվածությունների մասին ինչպես պետքարտուղարի մակարդակով, այնպես էլ աշխատանքային մակարդակով: Կարծում եմ` այս ամենը արտացոլում է այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Եվ նաեւ շարունակում ենք մտածել, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել»,-շեշտել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակը։