Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները: Կոնգրեսականը շեշտել է, որ ԼՂ փոքրաթիվ խոցելի բնակչությունը շրջապատված է ավելի մեծ եւ ավելի հզոր ադրբեջանական ուժերով, որոնց աջակցում է Թուրքիան: Լսումները վարող կոնգրեսական Ջիմ Մաքգավերնի շեշտմամբ՝ քննարկումը տեղի է ունենում, քանի որ կան մտավախություններ, որ ԼՂ-ի հայերը վտանգի մեջ են: Եվ այդ վախը, ըստ կոնգրեսական Մաքգավերնիի, հիմնավորված է:
Կոնգրեսականը Սմիթը հավելել է, որ 2020-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նա հավելել է, որ Բաքուն ոչ միայն բռնազավթել է նախկին տարածքի մեծ մասը, այլեւ նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, եւ մարդկանց համար ավելի դժվար է դարձել ԼՂ-ում ստանալ սնունդ եւ այլ ապրանքներ: «Մինչ մեր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ, Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել՝ որ ուղղությամբ է այդ ամենը գնում… Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները»,- ընդգծել է Քրիս Սմիթը:
Հանրապետական Սեմ Բրոունբեքն իր հերթին ահազանգել է, որ Բաքուն մտադիր է ստիպել ԼՂ բնակչությանը հեռանալ եւ չվերադառնալ: Նա հայտարարէլ է, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձեւը: Կոնգրեսականն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Բրոունբեքը առաջ է քաշել ԼՂ հայերի կրոնական ազատության հարցը եւ նշել, որ ամերիկյան կրոնական հասարակությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի բնակչության կրոնական ազատության ապահովմանը: