Հունիսի 18-ին եւ 19-ին Շիրակի մարզում կարկտահարվել են Ախուրյան եւ Աշոցք խոշորացված համայնքների 10 բնակավայրերի, ինչպես նաեւ տարբեր մշակաբույսերի սելեկցիայով եւ առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող Գյումրու սելեկցիոն կայանի ցանքատարածությունները:
Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2000 հեկտար ցանքատարածք կրել է 30-90 տոկոս վնաս: Ձեւավորվել են համայնքային հանձնաժողովներ, որոնք կատարում են վնասված մշակաբույսերի տեսակների, տարածքի եւ չափի վերջնական ճշգրտում:
Առափի բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Պոլեյանն ուսումնասիրում է գյուղի վնասված ցանքատարածքները: Ասում է՝ կարկուտը տեղ-տեղ է ավերել մշակաբույսերը: Գյուղում ամենաշատը հացահատիկ են ցանում, երկրորդ տեղում կարտոֆիլն է:
«Եթե կարտոֆիլը լավ մշակելու եւ լրացուցիչ ծախսեր անելու պարագայում հնարավոր է բերք ստանալ, հացահատիկի դեպքում նույնը սպասել չենք կարող, կհնձենք միայն այն, ինչ կարկուտը խնայել է»,- ասում է Ավետիք Պոլեյանը:
Կորցրած բերքի փոխհատուցում, որպես այդպիսին, պետությունը չի առաջարկում: Փոխարենը ներդրել է ցանքատարածությունների ապահովագրման համակարգ: Որպեսզի կարկտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության եւ երաշտի ռիսկը կառավարելի լինի, գյուղատնտեսական ու ֆերմերային տնտեսություններին առաջարկվում է 50-60 տոկոսով սուբսիդավորված ապահովագրություն կատարել, բայց օգտվել դրանից չի պարտադրվում:
Ապահովագրության վճարը, կախված մշակաբույսի տեսակից, մշակվող հողի եւ սերմացուի որակից, տարբեր է: Օրինակ՝ աշնանացան ցորենի ապահովագրության մեկ հեկտարի արժեքը միջինացված թվով 10 հազար դրամ է: Կախված բերքի կորստի չափից՝ փոխհատուցումը կլինի 300-600 հազար դրամ:
Շիրակի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ գյուղացին այդ գումարով ընդամենը մեկ պարկ պարարտանյութ կարող է գնել: Իսկ թե ինչու չեն ապահովագրում, գլխավոր գյուղատնտեսն ասում է. «Մտածում են՝ այս անգամ կարկուտ չի գա: Վնասը կրում, հետո են փոշմանում, որ չեն ապահովագրել»:
Մայիսի 1-ի տվյալներով՝ մարզում ապահովագրվել է 1416 հեկտար ցանքատարածություն 1201 շահառուի կողմից: Ցանված է 17500 հեկտար աշնանացան ցորեն, իսկ թե որքան գարնանացան է մշակվում մարզում, դեռ վերջնական թիվ չկա. տվյալներն ամփոփվում են:
Թե ինչու մարզի համայնքային հսկողության տակ գործող 195 հակակարկտային կայանները չկանխեցին բնական աղետը, Ռոման Համայակյանն ասում է՝ նման բարձր վտանգավորության կարկտաբեր ամպերի դեմ հակակարկտայիններն անզոր են:
Գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությամբ զբաղվող անձինք պնդում են, թե կարտոֆիլի ցանքատարածություններն ապահովագրելու համար սահմանված գումարը ցածր է, փոխհատուցում ստանալու պայմանները՝ վիճելի: Ասում են՝առանց ապահովագրելու էլ նույնչափ եկամուտ, անկախ կարկուտի եւ երաշտի աստիճանից, կստանան, իսկ ցորենի ապահովագրական փոխհատուցումից գոհ են:
Նշենք, որ մարզում մշակվող որոշ ցանքատեսակներ, օրինակ՝ թութունի, չամանի, հնդկաձավարի, ընդհանրապես չեն ապահովագրվում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։