«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ չի հանձնվի եւ զենքը վայր չի դնի։ «Վագներ»-ի տելեգրամյան ալիքը հունիսի 23-ի ուշ երեկոյան հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ու Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ «Վագներ»-ի ռազմական ապստամբության փորձը Ռուսաստանում հարված է թիկունքից։ Պուտինը զգուշացրել է, որ ռազմական ապստամբությունը կազմակերպած մարդիկ, որոնք «երկիրը մղում են անարխիայի եւ եղբայրասպանության, պարտության, ի վերջո` կապիտուլյացիայի», պատասխան են տալու դրա համար։ «Վագներ»-ի ղեկավար Պրիգոժինը հակադարձել է Պուտինին, որ հայրենիքի դավաճանության վերաբերյալ նա չարաչար սխալվել է։ «Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք։ «Վագներ»-ի բոլոր մարտիկները կռվել են եւ կռվելու են: Եվ ոչ ոք մտադիր չէ նախագահի, ԱԴԾ-ի կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով գալ։ Չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության եւ բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել է «Վագներ»-ի ղեկավարը։
Ռուսական Առաջին ալիքը տեսանյութը «բեմադրած» է որակել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով (զինված ապստամբություն կազմակերպելու փաստով)։ Իրավիճակը կայունացնելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի տարածքում, Դոնի Ռոստովում եւ Վորոնեժում։ Ավելի վաղ սոցցանցերում Եվգենի Պրիգոժինի անունից տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ՌԴ ՊՆ-ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի թիկունքային ստորաբաժանումներին։ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում եւ տեղեկատվական սադրանք է։ «Վագներ» խմբի ճամբարին հասցված հարվածի հետեւանքների մասին տեսանյութը ռուսական Առաջին ալիքը «բեմադրած» է որակել։
Աջակցում են Պուտինին եւ կոչ անում հարցը լուծելու խաղաղ ճանապարհով
ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնության խորհրդի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Դաշնային ժողովի պետական դումայի պատգամավորները հայտարարել են, որ լիովին աջակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ունի մեկ գլխավոր հրամանատար եւ անձնական հարցերը պետք է դնել մի կողմ ու միավորվել նրա շուրջ. «թշնամին սպասում է Ռուսաստանի երկպառակությանը, սակայն դա տեղի չի ունենա»: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Չեչնիայի ազգային գվարդիայի մարտիկներին ուղարկել է ՌԴ-ի լարված գոտիներ։ Բանակի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւն ու գեներալ Սերգեյ Սուրովիկինը «Վագներ» խմբի հրամանատարներին եւ մարտիկներին կոչ են արել կանգնեցնելու շարասյուները, վերադարձնելու դրանք մշտական տեղակայման կետեր, ենթարկվելու ՌԴ նախագահի կամքին եւ հարցը լուծելո խաղաղ ճանապարհով:
Դմիտրի Պեսկովի որդին եւս ծառայում էր խռովարարների խմբում
Ուշագրավ է, որ «Վագներ»-ի մարտիկներից է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը։ Որդուն որպես սովորական հրետանավոր ծառայության վերցնելու խնդրանքով Պրիգոժինին ավելի վաղ դիմել էր անձամբ Դմիտրի Պեսկովը։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրագրողը Նիկոլայ Պեսկովի հետ հարցազրույցում անդրադարձել է նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին, երբ Նիկոլային զանգել էր Ալեքսեյ Նավալնու կողմնակիցը, ներկայացել որպես զինկոմիսարիատի աշխատակից եւ առաջարկել ներկայանալ։ Այն ժամանակ Դմիտրի Պեսկովի որդին ասել էր, որ հարցը լուծելու է այլ մակարդակում։ «Գիտե՞ք` երբ զանգեցին, ես այդ ժամանակ արդեն պատրաստվում էի ծառայության մեկնելու։ Դրա համար էլ նյարդայնացած էի ու ավել-պակաս բաներ եմ ասել նրանց։ Բայց ոչինչ…»,– ասել է Նիկոլայ Պեսկովը։