Կյանքը մեզ ամեն քայլափոխի մատուցում է նորանոր անակնկալներ. մեկը հիվանդանում է, մյուսը կորցնում է աշխատանքը, մեկը բաժանվում է, մյուսը՝ սիրահարվում եւ հեռանում, մեկ ուրիշն էլ կորցնում է ամենահարազատ մարդուն։ Յուրաքանչյուրիս կյանքը մի ոդիսական է՝ ուրույն դժվարություններով, հաղթանակներով ու պարտություններով, տխրություններով եւ ուրախություններով լեցուն։
Աշխարհը եւ ճակատագիրը առանց հոգնելու ստեղծում են տարատեսակ իրավիճակներ, որոնք մեր առջեւ դնում են նորանոր խնդիրներ եւ պահանջում լուծումներ։ Այսպես է մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ անձնական, ընտանեկան, սոցիալական։ Խնդիրներն ու դրանք լուծելու պատասխանատվությունն ուղեկցում են մեզ մինչեւ մեր երկրային կյանքի վերջին օրը։
Կա՞ արդյոք մի վիճակ, խորհուրդ կամ ներքին դիրքորոշում, որը կարող է օգնել մեզ հասկանալու եւ լուծելու մեր առջեւ կանգնած խնդիրները այս բոլոր հնարավոր բազմազան դեպքերում։
Ես կարծում եմ՝ կա։ Դա հետեւյալն է՝ ես նայում եմ իրականությանը ինչպես երկխոսության հրավերի։ Ստեղծելով նոր իրավիճակներ՝ աշխարհը մեր առջեւ խնդիրներ է դնում, ինչ-որ բան է ասում եւ ակնկալում մեր պատասխանը։ Մեր պատասխանը պետք է լինի ոչ թե խոսքերով, այլ ի պատասխան արված քայլերով։ Այսպես է ընթանում մեր երկխոսությունն աշխարհի հետ, եթե միայն մենք ընկալում ենք մեզ որպես երկխոսության կողմի։
Ի՞նչ է երկխոսությունն աշխարհի հետ
Երկխոսությունը գիտակցված եւ իմաստալից հարաբերություններն է աշխարհի հետ։
Աշխարհն, այսպես թե այնպես, անընդհատ ստեղծում է նոր իրավիճակներ, եւ մենք արձագանքում ենք դրանց։ Արձագանքում ենք՝ անընդհատ որեւէ բան որոշելով. տանը նստե՞լ, թե՞ գնալ ինչ-որ տեղ, անել այս գործն այսպե՞ս, թե՞ այնպես, փողոցն անցնել այստեղի՞ց, թե՞ մեկ այլ տեղից, բողոքե՞լ ստեղծված իրավիճակից, թե՞ գոհանալ։
Ամեն վայրկյան, գիտակցելով կամ ոչ, մենք կայացնում ենք տարատեսակ որոշումներ։ Բայց դա դեռ երկխոսություն չէ, քանի որ այդ ամենն անում ենք ոչ թե գիտակցված, այլ իներցիաներից հրվելով, առավել առաջնորդվելով սովորություններով, համակրանքներով եւ հակակրանքներով։ Եթե մի բան մեզ դուր չի գալիս, մեխանիկորեն հակադրվում ենք։ Եթե մեկը փնովում է համակրելի քաղաքական գործչին, անմիջապես, առանց փորձելու հասկանալ, թե ինչու է նա այդպես ասում, ընտրում ենք հակադրվելու ներքին դիրքորոշումը։ Այսպես, մեզ ամենից հաճախ առաջնորդում է ոչ թե մեր գիտակցությունը, այլ զայրույթը, խանդը, ժլատությունը, նախկինում ձեւակերպված եւ քարացած պատկերացումները։
Պատահում է նաեւ այսպես։ Ստեղծվում է իրավիճակ, որն ինչ-որ «բան է ասում» մեզ։ Սակայն մենք չենք էլ փորձում հասկանալ, թե ինչ է այն մեզ ասում։ Փոխարենը, ամեն կերպ ջանում ենք անցկացնել մեր ուզածը, այսպես ասած՝ «մեր էշն ենք քշում»։ Ու քանի որ մեր ուզածին չենք հասնում, սկսում ենք բողոքել աշխարհից, ճակատագրից, շրջապատից, ծնողներից, իշխանություններից։
Այս ամենը դեռ երկխոսություն չէ։ Երկխոսությունը ենթադրում է լսել զրուցակցին, ջանալ հասկանալ նրա ասածի իմաստը, գիտակցված որոշել պատասխան քայլերն ու անել դրանք։ Առաջին հերթին փորձել տեսնել իմաստ ստեղծված իրադրությունում։
Ցանկացած իրավիճակ ունի իմաստ
Երբ ստեղծվում է նոր իրավիճակ, տեղի է ունենում հանդիպում։ Հանդիպում ենք մենք եւ աշխարհը։ Աշխարհը մեզ Բան է ասում։ Եվ այդ ասելիքը պարունակում է խորքային իմաստ։ Այն մեզ հարց է ուղղում եւ ակնկալում համարժեք պատասխան։
Որպեսզի մեր հանդիպումը լինի իմաստալից, տեղի ունենա երկխոսություն, անհրաժեշտ է հասկանալ ստեղծված իրավիճակի իմաստը, ընկալել, թե ինչ է այն ասում մեզ։ Ապա գիտակցված որոշել մեր պատասխանը եւ հետո միայն պատասխանել։ Որպեսզի երկխոսությունը շարունակվի, մեր պատասխանը պետք է լինի համարժեք՝ այն եւս պետք է ունենա իմաստ։
Երբ սկսում ենք փնտրել իմաստ ստեղծված իրավիճակում, տեղի է ունենում զարմանալի բան՝ մենք հաղորդ ենք դառնում մեր կյանքի իմաստին, սկսում ենք ընկալել մեր կյանքի իմաստը եւ մեր անելիքն այդ նոր իրավիճակում։
Որքան էլ ծանր կամ դաժան լինի մեզ հետ պատահածը, բավական է հաղորդ դառնանք իմաստին ու կգտնենք ե՛ւ ուժ, ե՛ւ կարողություններ՝ անելու մեր Անելիքը (բառը մտածված եմ գրել մեծատառով, քանի որ իմաստից բխող անելիքն իրոք մեծատառ Անելիք է)։
Մեզ հանդիպած ցանկացած իրավիճակ ունի իմաստ։ Փնտրենք այն եւ չենք սխալվի։
Պատասխանե՛ք, մի՛ արձագանքեք
Երկխոսությունն աշխարհի հետ ենթադրում է նաեւ, որ մենք ստեղծված իրավիճակներին ոչ թե արձագանքում ենք, այլ գիտակցված պատասխանում։
Նախքան իրադրությանը արձագանքելը, լինի դա պարզապես խոսակցություն որեւէ մեկի հետ կամ արհավիրք, որ թափվել է ձեր գլխին, մի պահ դադա՛ր տվեք, խոր շո՛ւնչ քաշեք, փորձե՛ք հասկանալ իմաստը կատարվածի, որոշե՛ք ձեր անելիքը եւ հետո՛ պատասխանեք՝խոսքով ակմ գործով։ Այդ փոքրիկ դադարը տարածություն է բացում, որտեղ հայտնվում է Իմաստը։ Եվ մենք կայացնում ենք մեր որոշումը, անում մեր քայլը կամ ասում մեր խոսքը՝ ընկալելով Իմաստը։
Սա հատկապես կարեւոր է մեր ժամանակներում, երբ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, եւ նախկին գիտելիքներն այլեւս չեն բացատրում նոր իրողությունները։
Սովորենք դադար տալ, այն օգտակար է բոլոր առումներով։ Այն օգնում է դուրս գալու իներցիաներից, վեր կանգնելու իրադարձությունների հարթությունից եւ որոշելու մեր անելիքը՝ հրվելով վերին իմաստից։
Դժվարությունները մեզ սովորեցնում են
Ծանր ու դժվարին օրերը գալիս են, որ մենք, դրանք հաղթահարելով, որոշակի որակներ ձեռք բերենք։ Ու եթե այդ դժվարությունների պահին մեր հիմնական միտքը, նպատակը ուղղված է նաեւ որոշակի որակներ ձեւավորելուն, որոնք մեզ անհրաժեշտ են լինելու մեր հետագա կյանքի ընթացքում, երկխոսությունն աշխարհի հետ դառնում է առավել իմաստալից։
Եթե չի հաջողվում թեթեւ քայլերով հաղթահարել մեր առջեւ դրված մարտահրավերը, մենք սկսում ենք կամք կիրառել, ինչի հետեւանքով զարգանում է նպատակներին հասնելու մեր համառությունը։ Եվ, ընդհանրապես, մենք սովորում ենք Անել, ինչը մեզ հետ կմնա մեր ողջ կյանքի ընթացքում։
Այո՛, այն որակները, որ ձեւավորվում են նման անհուսալի թվացող պարագաներում, լինում են ամենակարեւորներն ու ամենաբեղունները։ Որքան ծանր է եղել իրավիճակը, որքան դաժան է եղել իրականությունը, այնքան ավելի արժեքավոր ու մնայուն են լինում մեր ձեռք բերած որակները։
Կանցնի ժամանակ։ Դժվարությունները, ինչպես եւ ցանկացած ժամանակավոր բան, կմնան հետեւում։ Սակայն ձեռք բերած որակները կմնան ձեզ հետ, զի նրանք ձեռք են բերվել ձեր կյանքի ամենածանր օրերին։ Եվ դուք կգոհանաք եւ շնորհակալություն կհայտնեք աշխարհին ու ճակատագրին, որ ձեր առջեւ կանգնեցրին այդ դժվարությունները։
Եվ այդ ճանապարհի առաջին քայլը կարող է լինել հենց այս ներքին դիրքորոշումը՝ կյանքը երկխոսություն է աշխարհի հետ։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։