Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը Vikerraadio պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ հունիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին ներսից ցնցելու եւ նրա որոշումների վրա ազդելու համար առանձնապես ջանք թափելու կարիք չկա։ Նա հավելել է, որ «Վագներ» խմբի առաջնորդ Եվգենի Պրիգոժինի տեղափոխումը Բելառուս միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի ցանկությամբ չէ, քանի որ Բելառուսի ավտորիտար առաջնորդը ինքնիշխան պետության ղեկավար չէ, նշել է Միխկելսոնը։ «Ժամանակը ցույց կտա, թե ինչու եւ ում խնդրանքով է դա արել, եւ ինչ արդյունք կունենա»,- շեշտել է նա։
Ըստ նրա՝ հայտնի չէ՝ ով է օգնել Պրիգոժինի եւ «Վագների» շարասյուներին լոգիստիկ առումով այդքան գրագետ առաջ շարժվել եւ հասնել որոշակի կետի, որտեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ «Ամբողջ աշխարհին ցույց են տվել, որ Պուտինի իշխանությունը երկաթյա չէ, այն կարելի է ցնցել ներսից»,- ասել է Միխկելսոնը։ Նա նշել է, որ միամտություն կլինի կարծել, թե հունիսի 24-ի իրադարձությունները Ռուսաստանում կհանգեցնեն ժողովրդավարության ձեւավորման:
Հունիսի 24-ի երեկոյան Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, եւ վերջինս ընդունել է Ռուսաստանում «վագներականների» առաջխաղացումը դադարեցնելու առաջարկը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել է, որ Բելառուս մեկնած Պրիգոժինի, ինչպես նաեւ ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է: Ավելի ուշ ռուսական «Կոմերսանտը» հայտնել է, որ հունիսի 24-ի առավոտյան զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ ՌԴ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով քրեական գործը, որի հիմնական մասնակիցը եղել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, հունիսի 26-ին չի կարճվել։ Գործը շարունակում է հետաքննել ՌԴ ԱԴԾ քննչական վարչության քննիչը։