ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատացած է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է խաղաղություն հաստատել, եւ այդ գործում առանցքային դերակատարում ունի ուղիղ երկխոսությունը։ Անդրադառնալով հունիսի 27-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի սկսվելիք բանակցություններին՝ Միլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որը կցանկանար քննարկել։ «Դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի են ունենալու այստեղ»,- նշել է խոսնակը՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվելու են մինչեւ հունիսի 29-ը։
«Պետքարտուղար Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության հասնել հնարավոր է, եւ ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած հարցերը կարգավորելու եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու գործում»,- հայտարարել է Մեթյու Միլերը։
Միաժամանակ, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ հունիսի 26-27-ը Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարության՝ Միջազգային անվտանգության եւ չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա նաեւ կհանդիպի փորձագետների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հնարավորությունները Հայաստանի անվտանգ էներգետիկ ապագայի համար։