Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից սկսել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել` ա) ՀՀ ուսհաստատությունների տվյալ ուստարվա եւ նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, այլ պետությունների ուսհաստատությունների տվյալ ուստարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, եւ միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» եւ օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով, բ) տվյալ տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները, գ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաեւ բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները:
Երրորդ փուլի դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի առանձնացրած դպրոց՝ անձնական համարը ստանալու: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում: Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին՝ 17:00-ին: Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման եւ թեստավորման կենտրոնը փոխանցելու է առանձնացված դպրոցներ եւ դիմորդի էլեկտրոնային հասցեին:
Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են` պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված անձինք, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք: Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: