Ժամանակակից Հայաստանի գլխավոր մոլորությունն այն է, որ Սերժ Սարգսյանի հեռացումով Հայաստանում վերացվեց տերերի իշխանությունը եւ փոխարինվեց ծառաների իշխանությամբ: Այսինքն՝ նոր իշխանությունը ժողովրդի ծառան է: Իրականում փոխվում են տերերը, եւ ցանկացած իշխանության ժամանակ է այդպես՝ փոխվում են միայն տերերը:
Հարցն այն է, թե ինչպես կարելի է ժողովրդին համոզել, որ տերերը մնացել են անցյալում: Մեր դեպքում նրանք ոչ միայն ներկա են, նրանք կարծես թե մտադիր են հավերժ ներկա լինել: Իսկ ընտրությունները հնարավորություն են, որ «ծառայողները» լապշա կախեն էլեկտորատի ականջից: Ժողովրդի համար շատ կարեւոր է հասկանալ, որ իշխանության փոփոխությամբ պատրանքներ չպետք է ունենալ. նրա գործն է՝ հավատա՞լ այդ իշխանությանը, թե՞ չհավատալ, բայց առանց պատրանքների: Որովհետեւ, միեւնույնն է, այդ իշխանությունը երբեք ժողովրդինը չի լինելու:
ՔՊ-ականների այս տարի հայտարարագրած ունեցվածքը՝ ապացույց: Նրանք արդեն նույնիսկ Ծաղկաձորում հյուրանոցներ են գնում, թեպետ իշխանության երրորդ տարում դեռ ապրում էին միայն աշխատավարձով: Ժողովուրդը պետք է իմանա՝ իր հետ երբեք ազնիվ չեն լինելու: Եվ նույնիսկ այդքանից հետո ժողովրդի գործն է՝ հավատա՞լ այդպիսի իշխանությանը, թե՞ ոչ:
Ժողովուրդը միայն մի անելիք ունի՝ խնամել իր հավատը, քանի որ իշխանությանը վերահսկել չի կարող: Դա չի կարող անել նույնիսկ ընտրություններով, քանի որ, միեւնույնն է, ցանկացած ընտրությամբ նա բերելու է միայն տեր: Այդպիսի տեր է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Ժողովրդի գործն է՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Նա պետք է իմանա, որ իր հետ ազնիվ չեն լինելու, թեպետ ինքն իր քվեն ազնվորեն է տալիս, եւ, այո՛, իր քվեն դեռեւս չի կեղծվում: Կկեղծվի այն ժամանակ, երբ ժողովուրդը կհասկանա, որ իր հերթական տերը նույնպես խաբեբա է: Թեպետ մինչ այդ նա դեռ պետք է հասկանա, որ այդ տերը երբեք էլ ծառա չի եղել:
Ի դեպ, կարող է այդպես էլ չլինի ժողովրդի քվեն կեղծելու կարիքը՝ տերը կարող է հերթական անգամ իշխանության գալ իսկապես չկեղծված քվեով, բայց իր իշխանությունն այդքանով հանդերձ լեգիտիմ չլինի: Ինչպե՞ս: Շատ պարզ: Ժողովուրդն ինքն է կեղծում իր քվեն: Նա իր քվեն կեղծում է իր ազնիվ հավատով: Հենց դա է այս իշխանությանը տարբերելու Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից: Նախկինում նրանք էին կեղծում ժողովրդի քվեն, հիմա ինքներս ենք կեղծում: Ու միայն այն պատճառով, որ հավատում ենք, թե պաշտոնյան ծառա է:
Այս դեպքում կեղծիքի ակունքը ոչ թե կեղծելու գործողության մեջ է, այլ զուտ հավատալու, որ պաշտոնյան դեռ ծառա է: Իսկ դա հավատացնելը երբեք էլ դժվար չէ: Ի վերջո կյանքիդ պայմանները չեն փոխվում, գուցե նույնիսկ ավելի վատ ես ապրում, բայց քո քվեն մնում է քո քվեն, քեզ արդեն առանձնապես հետաքրքիր էլ չէ, որ հեղափոխական իշխանությունը քո աչքից հեռու է կառուցում իր դղյակները, որ դրանք քո աչքը չի մտցնում:
Այդպիսի ժողովրդին արդեն 5000 առաջարկելու կարիք էլ չի լինի: Նա անսասան է իր հավատի մեջ: Որովհետեւ ո՞վ թույլ կտա, որ դիպչես իր հավատին: Նա այնքան է նոր իշխանություններով խնամել այդ հավատը, որ փորձեք դիպչել դրան: Ավելի շուտ ձեզ կհոշոտի, քան իրեն խաբած իշխանությանը: Ահա թե ինչպես է այս իշխանությունը կերակրելու իր կենսունակությունը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: