Հունիսի 27-ին Ալավերդու տարածաշրջանում ուժեղ քամու եւ կարկտահարության հետեւանքով ավերածություններ են եղել։ Մոտավորապես 14։15-ին Ախթալայի Թումանյան փողոցում՝ ճոպանուղու հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է ընթացքի մեջ գտնվող ՎԱԶ 21 07 մակնիշի մեքենայի վրա։
Ծառի տակ մնացած մեքենան մոտակա խանութի աշխատակիցն է նկատել. որդու հետ մոտեցել են, զանգել մեքենայում գտնվողների հարազատներին եւ փրկարար ծառայություն։
Մինչ փրկարարների հասնելը արգելափակված վարորդը եւ ուղեւորը տեղացիների օգնությամբ դուրս են եկել ավտոմեքենայից։
Այնուհետեւ ՀՀ ԱԻՆ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը բնակիչների օգնությամբ կոտրված ծառը կտրել եւ հեռացրել են՝ մեքենան հանելով արգելափակումից։
Նույն ժամանակահատվածում Ախթալայից մոտ 3 կմ հեռավորությամբ Փոքր Այրում գյուղից դեպի Մեծ Այրում գյուղ ճանապարհին բարձրավոլտ էլեկտրասյուներ են ընկել՝ խոչընդոտելով երթեւեկությունը։ Բարձրավոլտ էլեկտրասյուն է վնասվել նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհից Թեղուտ գյուղ բարձրացող ճանապարհին, ինչի հետեւանքով «Թեղուտ» ՓԲԸ –ն մինչեւ հիմա հոսանքազրկված է։
Կարկուտի հետեւանքով ցանքատարածություններ են վնասվել Շնող, Թեղուտ, Նեղոց, Ճոճկան, Փոքր Այրում եւ Մեծ Այրում գյուղերում։
Հունիսի 24-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայությունը հայտնել էր Սեդվու վանական համալիրից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող եռահարկ աշտարակի մասնակի փլուզման մասին։
Չդադարող տեղումների պատճառով վերջին մեկ շաբաթում փլուզումներ են եղել նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհին՝ Ալավերդու տարբեր հատվածներում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։