Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 28-ին՝ 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Արցախում զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադեւոսյանը եւ Գագիկ Բալայանը: Արցախի ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Հայտնվում է նաեւ, որ հունիսի 28-ի 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Արցախի պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին չճշտված տեղեկություններ չհրապարակելու կոչ է անում, հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին:
Արցախի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 27-ին՝ 19:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաեւ ականանետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, 21:30-ի սահմանում մեկ ական արձակելով Ճանկաթաղի ուղղությամբ։