Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հունիսի 27-ի երեկոյան Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 8, վիրավորվել՝ 60 մարդ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնել են, որ ավերված ռեստորանի շենքի փլատակների տակից դուրս են բերվել երեք անչափահաս աղջիկներ՝ 17 տարեկան եւ երկու քույր՝ 14 տարեկան։ Ավելի ուշ պարզվել է, որ զոհերի թվում կա նաեւ 2022 թվականին ծնված երեխա։ Երեք մարդ փրկվել է:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթի ժամանակ հայտնել է, որ ռուս զինվորականները С-300 հրթիռներով դաժանաբար գնդակոծել են Կրամատորսկը։ Ռուսական հրթիռներից երկրորդը հարվածել է մերձքաղաքային Բելենկայա գյուղին, որտեղ վնասվածք են ստացել 5 բնակիչներ։ Վիրավորների թվում են նաեւ Կոլումբիայի երեք քաղաքացիներ։ Նրանք ռեստորանում հանդիպել են ուկրաինացի գրող Վիկտորյա Ամելինայի հետ: Վերջինս ծանր վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Հնարավոր է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։