Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, որը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է դեպի Լաչինի միջանցքի մուտքը պարեկություն անող ԵՄ ներկայացուցիչների հետ եւ որից հետո հաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական եւ ապօրինի արգելափակումը, արձագանքել է Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովի թվիթերյան գրառմանը:
ԵՄ առաքելության դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի դեսպանի սրտով չէ, եւ նա իր գրառման մեջ հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն անող ԵՄ ներկայացուցիչներին սպառնացել է դիպուկահարներով: «Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»,- գրել է ադրբեջանցի դեսպանը եւ տեղադրել դիպուկահար հրացանի լուսանկարը։
Նատալի Լուազոն տարակուսում է՝ արդյոք դա իսկապես ադրբեջանցի «դիվանագետն» է ասում։ «Ի՞նչ մակարդակի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Միջազգային դատարանի որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելն ու 120 հազար մարդու պատանդ վերցնելը հպարտանալու բան չեն։ Դա է պատճառը, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիների վրա դա տպավորություն չի թողնում։ Մենք շարունակելու ենք սատարել խաղաղությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքը»,- շեշտել է ԵՄ պաշտոնյան։