Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը, 2023-ի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա 01.30-ից սկսած՝ տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի տարածքի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է 4 արցախցի զինվոր: Արցախի ԱԺ-ում հատկանշական են համարում, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, արձանագրել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ:
«Դա, անշուշտ, եւս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձեւավորման նմանակում իբր թե միջազգային ջանքերի համատեքստում»,- ասված է հայտարարությունում:
Արցախի ԱԺ-ն իր տարածած հայտարարությունում վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը կոչ է անում անհապաղ դադարեցնելու մեկնարկած բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Նշվում է, որ հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն: