ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հունիսի 28-ի հանդիպմանը, թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ սիրով հյուրընկալելով նրանց՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակելու առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաեւ խուսափելու սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը վստահության ամրապնդման համար:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, ի պատասխան ամերիկացի լրագրողի ՝ «արդյո՞ք հունիսի 28-ին ԼՂ-ում տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո, որի հետեւանքով 4 հայ զինծառայող է զոհվել, արտգործնախարարների բանակցությունները շարունակվելու են» հարցին, ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել Վաշինգտոնում։ Պատելը հավելել է, որ ԱՄՆ-ում խորապես մտահոգված են ԼՂ-ում զոհերի համար եւ ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին։
«Վերջին միջադեպերն առավել ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը հավատարիմ է կողմերին այդ նպատակին հասնելու հարցում օգնություն ցուցաբերելու գործում»,– նշել է Պետդեպի ներկայացուցիչը։ Պատելը հավելել է, որ բանակցություններն ու աշխատանքները, որին անձամբ ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, շարունակվելու են ըստ սահմանված ժամանակացույցի։