Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով էր գնացել նախապես պատրաստած երկարաշունչ տեքստ-ցուցմունքով։ Նպատակը ձախողումների պատճառներն այլոց վերագրելն ու իրեն արդարացնելն էր։
2020-ի նոյեմբերից նա այս գործով է զբաղված։ Չսխալվելու 100 տոկոս հավանականությամբ կարելի է պնդել՝ շարունակելու է։ Քանի ունի ստեղնաշար ու խոսափող, շարունակելու է։ Դեռ երկար ենք նրա արդարացման փորձերի ականատեսները լինելու։
Շարունակելու է հասնել 1990-ականների առաջին տարիներ, անդրադառնալու է 90-ականների վերջերի զարգացումներին, խոսելու է Քոչարյանի բանակցություններից, Սարգսյանի Մադրիդյան փաստաթղթերից եւ միամիտ ունկնդրին պարզունակ հնարքներով փորձելու է համոզել, թե 1990-ականներից սկսած բոլորը բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Չբացատրելով, թե այդ դեպքում ինչու մինչեւ իր ի հայտ գալը Արցախն Ադրբեջանի կազմում չէր։
Մեր ժամանակներում միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժով փոփոխելը չափազանց բարդ խնդիր է։ Շատ դեպքերում՝ անհնարին։ Այդ պատճառով էլ 1990-ականների առաջին տարիներից Արցախի խնդրի լուծման նպատակով երկու սկզբունքներ են առաջ քաշվել՝ ազգերի ինքնորոշում եւ պետությունների տարածքային ամբողջականություն։ Այս երկու սկզբունքների համադրումը պետք է Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին բերեր ոչ թե կողմերից մեկի համար ցանկալի արդյունքի, այլ փոխզիջումներով պայմանավորված փոխընդունելի լուծման։
Միջազգային հանրության աջակցությամբ կողմերը պետք է գտնեին հնարավոր միջինը եւ դնեին հակամարտության վերջակետը։ 1997-1998 թվականներին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության ճանապարհին էին, բայց Արցախի իշխանությունները եւ Հայաստանի իշխանության մի շարք առանցքային դեմքեր դեմ դուրս եկան ու փոխեցին դեպքերի ընթացքը։
Հետագա զարգացումներն ու ժամանակը աշխատեցին հօգուտ Ադրբեջանի։ Այլ կերպ լինել, հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները եւ Հայաստանի շրջափակումը, չէր կարող։ Միայն կարճամիտները կարող էին սա չգիտակցել, կամ միայն չարամիտները կարող էին սա հաշվի չառնել։
Հայաստանի դիրքերի թուլացմանը զուգահեռ յուրաքանչյուր հաջորդ բանակցվող փաստաթուղթ Հայաստանի համար եղավ ավելի վատը, քան նախորդն էր։ Այս առումով՝ 2018-ին Փաշինյանն, իրոք, չափազանց վատ ժառանգություն էր ստացել։ Բայց երբեք չի եղել որեւէ բանակցվող փաստաթուղթ, որը կնախատեսեր այնպիսի վիճակ, ինչ ունենք Փաշինյանի օրոք՝ Արցախն առանց որեւէ կարգավիճակի Ադրբեջանի կազմում։
Եթե Փաշինյանը, ինչպես ինքն է այսօր հետին թվով պնդում, թե տեղյակ էր բանակցային ընթացքից, հասկացել էր դրա բնույթն ու տիրապետում էր նրբություններին, եթե գիտակցել էր, թե ինչ վատ ժառանգություն է ստացել, ապա ինչի՞ վրա էր հիմնված 2018-ից մինչեւ 2020-ի սեպտեմբերի վերջ նրա դրսեւորած ագրեսիվ հռետորաբանությունը։
Ի՞նչն էր նրան այդքան վստահություն ներշնչում։ Ինչո՞ւ էր որոշել, թե կարող է լինել անկանխատեսելի, թե կարող է սպառնալ, թե կարող է հրաժարվել քսանհինգ տարուց ավելի ընթացած բանակցությունները շարունակելուց, թե կարող է խոսել ոչինչ չզիջելուց։
Այսօրվա մեր վիճակը հասկանալու համար հենց այս հարցերն են պատասխան պահանջում։ Փաշինյանը հին ու նոր, սեւագիր կամ պաշտոնական փաստաթղթերից պոկված-կցմցված մեջբերումներ անելու փոխարեն, սրան-նրան մատնացույց անելու եւ մեղադրելու փոխարեն այս հարցերին պետք է պատասխանի։ Այս հանգրվան, հազար անգամ է ասվել ու հազար անգամ է գրվել, մեր սխալներն են մեզ բերել։
Մեծագույն սխալը մեր ցանկությունները եւ մեր հնարավորությունները համադրել չկարողանալն է։ Ավելի հստակ՝ 1998-ից սկսած այդ համադրումից հրաժարվելն է։
Իշխանության գալուց հետո Փաշինյանն ամբոխի հայրենասիրական մղումներին հագուրդ տվող ու ծափահարություններ կորզող ելույթների փոխարեն այս համադրմամբ պետք է զբաղվեր։ Սա պետք է լիներ նրա գլխավոր գործը։ Սրանով կփակեր նա պատերազմի ճանապարհը։
Բայց Փաշինյանը որոշեց լինել/մնալ անզիջում։ Շարունակեց գնալ իր նախորդների հարթած ճանապարհով, որը նաեւ իր ճանապարհն էր։ 2015-2016 թվականներից էր նա այդ ճանապարհով քայլող անպատասխանատուների-անզիջումների շարքերն անցել, իսկ 2018-ից այս կողմ դարձավ նրանց արտահայտիչն ու հրամանատարը։
Հետեւաբար՝ այլ մեղավորներ փնտրելու եւ մատնացույց անելու փոխարեն նա պետք է քաջություն ունենա, այլոց սխալներն այլոց թողնելով, իր սխալներից ու իր պատասխանատվությունից խոսելու։ Եթե, իհարկե, ճշմարտությունն ասելու ցանկություն ունի։ Եթե նպատակը ճշմարտությունը կոծկելը չէ, ինչը, սակայն, ժամանակակից տեղեկատվական հոսքերի առատության պարագայում դատապարտված գործ է։
Ճիշտը շիտակ ու ազնիվ լինելն է։ Այս դեպքում չի բացառվում, որ պատմությունը բարյացակամ գտնվի։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։