Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ Կիեւին փոխանցել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, որովհետեւ մտավախություն ունի, թե այն, ինչպես եւ իսրայելական մյուս զինատեսակները, կհայտնվեն Իրանի ձեռքում եւ միլիոնավոր իսրայելցիներ կմնան անպաշտպան: Նա հիշեցրել է, որ «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95 տոկոսը, որոնք կարող են հարվածել Իսրայելի բնակավայրերը, դրա շնորհիվ հնարավոր է դառնում երկրին զգալիորեն նվազեցնել զոհերի թիվը։ Ըստ պարբերականի՝ Իսրայելում Ուկրաինայի դեսպանը Նեթանյահուի մտավախությունը, ըստ որի՝ «Երկաթե գմբեթը» կհայտնվի Իրանի ձեռքում, անվանել է «միանգամայն հորինված ու սպեկուլյատիվ ենթադրություն»։
Դեռ մայիսին Յոնի ռազմական փորձագետ Ջերեմի Բոբը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում անիմաստ էր համարել իսրայելական «Երկաթե գմբեթ»-ի տեղափոխումը Կիեւ: Նրա համոզմամբ՝ եթե Իսրայելին սեփական օդը պաշտպանելու համար մեկ տասնյակ «Երկաթե գմբեթը» միանգամայն բավարար է, Ուկրաինային իր երկինքը պաշտպանելու համար կպահանջվի մի քանի տասնյակ նման հակահրթռային համակարգեր: Ըստ վերլուծաբանի՝ դա գիտակցում են անգամ ուկրաինացի պաշտոնյաները: Ռազմական փորձագետը շեշտել է նաեւ, որ ռուսական հրթիռներն առավել կատարելագործված են, քան ցածր տեխնոլոգիական պաղեստինյան հրթիռները, որոնց հաջողությամբ խոցում է «Երկաթե գմբեթ»-ը։