Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի ամենօրյա պարեկության մասին: «Մենք ամեն օր Հայաստանի տարածքում պարեկություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին մոտ` դեպի Լաչինի միջանցք, որպեսզի Բրյուսելին զեկուցենք անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման մասին»,- ասված է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Առաքելությունից նշել են, որ իրենց անաչառ հաշվետվությունները (EUMA) նպաստում են Հարավային Կովկասում ԵՄ-ի կողմից առաջ տարվող խաղաղության գործընթացին:
Ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ առաքելությունը մտադիր է երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջեւանում եւ Եղեգնաձորում՝ աստիճանաբար հասնելով մոտ ապագայում լիարժեք օպերացիոն հնարավորության: Ռիտերը նշել էր, որ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում եւ Մարտունիում իր հանգույցներում:
Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման մասին հայտարարվեց 2023-ի հունվարի 23-ին։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում իր աշխատանքը Հայաստանում սկսեց փետրվարի 20-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած եւ երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձեւավորի տեղերում եւ ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերին: