Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ շփման գծում նախօրեի արյունալի միջադեպի հետեւանքով երկու զոհված զինծառայողների դիերն Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել։ Արցախի օմբուդսմենը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե երկու զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից են, ու դրանք որակել «հերթական մանիպուլյացիա»։ Ստեփանյանը փոխանցել է, որ դիերը Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը փորձել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ հարցը լուծել, սակայն դեռ չի հաջողվում։ Տեղափոխումը կազմակերպելու համար Ստեփանակերտից դիմել են նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
«Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ ժամկետային զինծառայողներից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է. ծնողները ցանկանում են նրան Եռաբլուրում հուղարկավորել, մյուս զինծառայողը՝ 20-ամյա Երվանդ Թադեւոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում են բնակվում։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայողներն են Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադեւոսյանը եւ Գագիկ Բալայանը: