ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 27-29-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում արտգործնախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ։ Նշվում է, որ գրանցվել է փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: «Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները հյուրընկալելու համար, եւ հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի որ հարցերի շուրջ դեռ աշխատանք ունեն անելու։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը, զորքերի հետ քաշմանը եւ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ երկու երկրների պատվիրակություններին՝ որոշ հոդվածների շուրջ համաձայնության հասնելու, չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների խորացման, ինչպես նաեւ այն գիտակցման համար, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի` ԱՄՆ-ում անհամբերությամբ սպասում են գործընթացի շարունակմանը, որպեսզի օգտագործեն այն թափը, որին հասել են հանդիպումների ընթացքում՝ նպատակ ունենալով առաջիկա շաբաթներին կամ ամիսներին հասնելու վերջնական եւ ընդհանուր համաձայնագրի։ «Կարծում եմ՝ կողմերը հստակ գիտակցում են, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության եւ անկեղծության համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման եւ համաձայնության հասնելու համար»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։