Ղարաբաղում մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որն արդեն աղետ էլ չէ: Այսօր Ղարաբաղի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Արցախը «չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դա մեր կարմիր գիծն է»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակելու է ժամանակ առ ժամանակ սպանել 4 հոգու: Սա իր հերթին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է վճարելու այդ գինը: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանը հաստատ չի օգնելու Ղարաբաղին։ Ոչ թե որ չի ուզում, այլ որ չի կարող: Կարողանար՝ իր հողերը կազատագրեր:
Միջազգային հանրությունը նույնպես ոչնչով չի կարող օգնել Ղարաբաղին, նրանք ասում են՝ գնացե՛ք, բանակցե՛ք Ադրբեջանի հետ, դա սուբյեկտ դառնալու ձեր հնարավորությունն է: Բայց ղարաբաղցիք բանակցել չեն կարող, Ռուսաստանը դա թույլ չի տա: Ես չգիտեմ, թե ինչ խոսակցություն կարող է ընթանալ ադրբեջանցիների ու ղարաբաղցիների միջեւ, բայց այդ բանակցություններում մի խորամանկություն կա՝ դա ինքնին բանակցության փաստն է: Աշխարհը հենց դա է ուզում տեսնել: Նա ուզում է Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր դառնալ ոչ թե դուռն այս գլխից Ադրբեջանի երեսին խփելուց առաջ, այլ խոսելուց հետո, երբ թեկուզ ղարաբաղցիները կասեն, որ ադրբեջանցիներն իրենց պայմաններից ոչ մեկին համաձայն չեն:
Փոխարենը աշխարհն ասում է՝ գնացե՛ք եւ խոսե՛ք՝ իմանալով, որ այնտեղ ռուսներ կան, որոնք արդեն իսկ այսօր գրեթե ոչինչ չեն կարողանում անել, որ ղարաբաղցիներն իրենց անվտանգ զգան: Իրավիճակը պատային է ղարաբաղցիների համար: Եթե խոսեն, ռուսները կզայրանան, չխոսեն՝ աշխարհը կշարունակի չտեսնել «4 զոհի» չդադարող սպանությունը:
Աշխարհն ասում է՝ մենք հասկանում ենք, որ մոր կաթից է գալիս ադրբեջանցիներին չվստահելու ձեր զգացումները, բայց մենք ոչինչ չենք կարող անել, որովհետեւ տարածքը, որում դուք ապրում եք, միջազգայնորեն Ադրբեջանինն է: Դուք պետք է խոսեք, ու մենք համոզվենք, որ չվստահելու ձեր «բարդույթը» ճշմարիտ է:
Այստեղ ղարաբաղցիների դրությունը վատացնում է այն, որ Հայաստանը հրապարակային երկխոսություն է սկսել թուրքերի հետ, եւ այն հաջողությամբ առաջ է շարժվում։ Այսօր Փաշինյանն ու Էրդողանը միմյանց շնորհավորել են Կուրբան Բայրամի ու Վարդավառի առիթով: Վերջերս Փաշինյանը մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այսինքն՝ աշխարհը նայում է այս երկխոսությանը ու չի տեսնում, որ հայերն ու թուրքերը չեն կարող միմյանց հետ գոնե երկխոսել:
Ուրեմն կա՛մ ղարաբաղցիք պետք է հասնեն այն բանին, որ դադարեցվի Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, կա՛մ իրենք պիտի երկխոսեն Ադրբեջանի հետ: Ուրիշ տարբերակ չկա: Որովհետեւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն անհնար է դարձնում ղարաբաղցիների համոզմունքը, որ Ադրբեջանի հետ երկխոսելու թեմա չկա:
Ավելին՝ այն, որ ղարաբաղցիները կարմիր գիծ են քաշում երկխոսության նախապայմաններում, անհնար է դարձնում նրանց վիճակին ըմբռնումով մոտենալու միջազգային հանրության դիրքորոշումը: Միջազգային հանրությունը տեսնում է, որ ադրբեջանցիները չորս հայորդի են սպանել այսօր, բայց նրանց մոտեցումը սա է՝ երկխոսե՛ք, եւ թող դրանից հետո սպանեն, այդ ժամանակ մենք Ադրբեջանի հետ այլ լեզվով կխոսենք:
Երկխոսությունն այն հիմնաքարն է, որը կարող է ավելի ուժեղացնել Ղարաբաղի դիրքերը միջազգային հարթությունում, քանի որ Հայաստանը Ղարաբաղի քաշած կարմիր գծին աջակցելու առումով նրանց ոչնչով օգնել չի կարող:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: