ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Սեւան» ազգային պարկ»-ում ավելի քան 8000 սոճի ամբողջությամբ չորացել է, եւս 10 հազարը չորացման սպառնալիքի տակ է։ «Սեւան» ազգային պարկի եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչներն ասել են, որ խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: «Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետեւանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաեւ սոճիների բնականոն վերաճը»,– բացատրել են մասնագետները։
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի եւ Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ տարածքում նեմատոդոզ հիվանդություն կա: Եզրակացության մեջ նեմատոդոզը նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն բզեզների միջոցով տարածվող նեմատոդն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են լուծման հնարավոր տարբերակները, ներկայացվել է նաեւ նման իրավիճակներում միջազգային փորձը։