ԵՄ արտաքին կապերի ծառայությունից հայտնել են, որ ԵՄ–ում դատապարտել են Ստոկհոլմում Ղուրան այրելու ակցիան եւ հորդորել են կանխել իրավիճակի սրացումը։ Նշվում է, որ նման գործողությունները տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է հանդես գալ դավանանքի եւ արտահայտվելու ազատության օգտին։
Հունիսի 28-ին, երբ ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին կրոնական գլխավոր տոներից մեկը՝ Իդ ալ Ադհան (թյուրքական ժողովուրդների մոտ՝ Կուրբան Բայրամը), Ստոկհոլմի կենտրոնի հրապարակներից մեկում 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան Շվեդիայի ոստիկանության թույլտվությամբ պոկել է Ղուրանի էջերը եւ այրել։ Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել էր, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը Ղուրանի այրման ակցիան թույլատրելու որոշումը թեեւ օրինական է համարել, բայց ո՛չ տեղին։
«ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտգործնախարարին` ամենավճռական կերպով դատապարտելով Ղուրան այրելու ակցիան։ Այդ գործողությունը որեւէ կերպ չի արտացոլում ԵՄ–ի կարծիքը… Հիմա ժամանակն է, որ փոխըմբռնում եւ հարգանք դրսեւորենք եւ խուսափենք ցանկացած հետագա սրացումից: Ցանկացած Սուրբ գիրք այրելը վիրավորանքի, հարգանքի բացակայության եւ սադրանքի դրսեւորում է»,- նշված է փաստաթղթում։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Ղուրանի այրումը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ սադրիչ եւ չմտածված գործողություն է համարել։