Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր է հրապարակել: Հրապարակած փաստաթղթերին կից նա գրել է, որ 2023-ի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետեւանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի եւ Երվանդ Թադեւոսյանի մարմինները ԿԽՄԿ-ի-ի միջոցով ՀՀ տեղափոխելու եւ Եռաբլուրում հուղարկավորելու նրանց ծնողների խնդրանքն ու տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է՝ պնդելով, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ:
«Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։ Ադրբեջանի այս պնդումը կեղծ է եւ որեւէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը»։ Կանխելու համար ներկայացվող փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները Գեղամ Ստեփանյանը հիշեցնում է, որ Արցախի բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ: Դա վաղուց հայտնի մոտեցում է, որը կիրառվում է Արցախի չճանաչվածության պատճառով, որպեսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել եւ իրացնել իրենց իրավունքները նաեւ այլ երկրներում: «Այդ մոտեցումը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի ու հարաբերությունների բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադեւոսյանին Հայաստանի «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումն ընդունել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակում: Արցախի ՄԻՊ-ը հիշեցնում է, որ սա նոր մոտեցում չէ, եւ նախընթաց տարիներին Արցախի բազմաթիվ զոհված քաղաքացիներ նույնպես հուղարկավորվել են Եռաբլուրում՝ հաշվի առնելով այդ պանթեոնի համազգային նշանակությունը: Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ շարքերում իբր ՀՀ քաղաքացիների զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, Պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021-ից ի վեր Արցախում զինծառայության են անցնում միայն Արցախի քաղաքացիներն ու բնակիչները: «Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»,- նշել է Պաշտպանը: