Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հուլիսի 3-ին Սումգայիթում տեղի է ունեցել Հայաստանի տարածքից առեւանգված երկու հայ զինվորների` Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի գործով առաջին դատական նիստը։ Հայ զինվորներին մեղադրում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ինչպիսիք են՝ սահմանն ապօրինի հատելը, զենք-զինամթերքի մաքսանենգությունը, ահաբեկչական գործողություն կատարելու փորձերը եւ այլն: Որոշում է ընդունվել, որ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 5-ին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք եւ առեւանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին եւ Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը առեւանգված երկու զինվորներին ազատ արձակելու եւ վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
Մայիսի 28-ին Երեւանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առեւանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ եւ պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի ավելի վաղ ներկայացրած դիմումի հիման վրա որոշում է ընդունել եւ Ադրբեջանից պահանջել մինչեւ 2023-ի հունիսի 6-ը ներառյալ տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք մայիսի 26-ին առեւանգված, այնուհետեւ մայիսի 28-ին կալանավորված երկու հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանը եւ Կարեն Ղազարյանը գերու կամ այլ կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ են: