CNN-ին հուլիսի 3-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղությունն առանց Ղրիմի հաղթանակ չի համարի։ Նա շեշտել է, որ իր գլխավորությամբ Ուկրաինայի վերջնական նպատակը 2014-ին բռնակցված Ղրիմի ազատագրումն է: Ըստ Զելեսնկու՝ միայն այդ դեպքում ինքը եւ ուկրաինացի ժողովուրդը պատերազմն ավարտված կհամարեն:
Անդրադառնալով Ռուսաստանում «Վագների» ապստամբության փորձին` Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Վագների» առաջխաղացումը դեպի Մոսկվա ցույց տվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը, որի արձագանքը բավական թույլ էր, չի վերահսկում իրավիճակը ամբողջ երկրում, ինչպես մինչ այդ պատկերացնում էին բոլորը: Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ Պրիգոժինի քայլերը ուղղակի բոլորի աչքի առաջ ոչնչացրին Պուտինի՝ նախկինում ունեցած ուղղահայաց ամբողջ իշխանությունը։
Զելենսկին հավելել է, որ դատելով ուկրաինական հետախուզության զեկույցներից՝ Կրեմլը ներկայում ծանրութեթեւ է արել Պրիգոժինին բնակչության աջակցությունը, եւ պարզել, որ Ռուսաստանի կեսը համակրում է «Վագների» պարագլխին եւ ողջունում նրա կազմակերպած ապստամբությունը: