Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, արձագանքելով Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող «անհանգստություններին», հայտարարել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն անվտանգ է աշխատում եւ համապատասխանում է բոլոր չափանիշներին, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության մասնագետներն էլ պարբերաբար ստուգայցեր են իրականացնում։ Մարտիրոսյանը հավելել է, որ բացի ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներից՝ այնտեղ ուսումնասիրություններ են անցկացնում նաեւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները։ Ատոմակայանը պարբերաբար արդիականացվում է։ «Աշխատանքներ ենք տանում, եւ շահագործման ժամկետի առաջին փուլում անվտանգության համապատասխան համակարգերը ներդրվել են, շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլում էլ դրանք կներդրվեն»,– շեշտել է Մարտիրոսյանը։ Անդրադառնալով փոքր թերություններին՝ ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դրանք լինում են կայաններում, բայց արագ շտկվում են։
ԱԷԿ–ի գլխավոր տնօրենը նշել է նաեւ, որ ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կքննարկի Հայաստանում Ռուսաստանի առաջարկած 1200 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ–ի նախագծի իրականացման նպատակահարմարությունը։ Առայժմ ուսումնասիրվել է ռուսական փորձը, աշխատանքներ են տարվել «Ռոսատոմի» եւ տարբեր երկրների մասնագետների հետ։ «Դիզայնը կարող է լինել ամերիկյան, կորեական, ֆրանսիական։ Զուգահեռ բոլորի հետ աշխատում ենք, որպեսզի ընտրություն կատարենք էներգաբլոկների միջեւ։ Կարեւորը՝ լինի ժամանակակից եւ տնտեսապես հիմնավորված»,– նշել է Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ ամենակարեւոր բաղադրիչը լինելու է անվտանգությունը։ ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի պնդմամբ` նոր կայանը պետք է 100 տարի աշխատի։ Ռուսական տարբերակը ենթադրում է, որ կայանի աշխատանքը կարող է 60 տարի ժամկետով լինել` 2 անգամ 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ դեպքում խոսքը 1200 Մվտ հզորությամբ կայանի մասին է։ «Պետք է հասկանալ, թե ինչ հզորություն կլինի 40-60 տարի հետո։ Գործող ռեակտորի հզորությունը 440 ՄՎտ է, եւ դա, կարծես թե, բավարար է։ Այնուամենայնիվ, չի կարող պետության բոլոր կարիքներն ապահովել միայն ԱԷԿ-ը, այլ հզորություններ էլ պետք է լինեն»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016-ին, սակայն արդիականացման եւ վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչեւ 2026- ը: Այս տարի որոշվել է վերազինել կայանը՝ շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու համար: Բաքուն պարբերաբար բարձրացնում է հայկական ԱԷԿ–ը փակելու հարցը։ Դեռ 2021-ի ապրիլին Ադրբեջանը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ն անվտանգ չէ, սակայն խորհրդարանական վեհաժողովի մակարդակով փաստվել էր, որ այդ կառույցն անվտանգության խնդիր չունի։