ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում հայտարարել է, որ կլիմայի փոփոխության հետեւանքով սովի սպառնալիքի տակ գտնվող մարդկանց թիվն այս հարյուրամյակի կեսին կարող է աճել 80 միլիոնով։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկելու «կանաչ տնտեսությանն» անցնելու համար, միաժամանակ՝ աստիճանաբար հրաժարվելու հանածո վառելիքի օգտագործումից։
Ֆոլքեր Թյուրքը հիշեցրել է, որ 2000-2023 թվականին գլոբալ մասշտաբով կլիմայական գործոններով եւ հեղեղներով պայմանավորված տարերային աղետների թիվն աճել է 134%-ով։ «2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդու համար առաջացել է սովի խնդիր: Ըստ կանխատեսումների՝ կլիմայի փոփոխությունը մինչեւ այս դարի կեսերը սովի վտանգի տակ կդնի եւս մինչեւ 80 միլիոն մարդու՝ ստեղծելով հուսահատության եւ կարիքի զարհուրելի մասշտաբներ»,- ասել է Թյուրքը: Ներկայում էքստրեմալ եղանակային երեւույթների ծանր հետեւանքները պարենային անվտանգության համար առավել սաստիկ են զգացել իրենց վրա Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրների, Ասիայի, փոքր կղզի պետությունների, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները: