ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ը վաղուց եւ հաստատակամորեն ասել է, որ ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: «Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի ԱՄՆ-ը հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»,- նշել է դեսպանը:
Դիտարկմանը, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, արցախցիների համար իրենց տանն անվտանգ եւ խաղաղ ապրելն ուղղակի ֆիզիկապես անհնար է լինելու, Հայաստանում ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ ԱՄՆ-ում հավատում են եւ հույս ունեն, որ դա հնարավոր է։ Ըստ դեսպանի՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգներում դա են համարում ճիշտ մոտեցումը։ «Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը։ Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, եւ հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,-ընդգծել է Քրիստինա Քվինը։
«Հնարավո՞ր է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կազմակերպել» հարցին ի պատասխան, Քվինը նշել է, որ ԱՄՆ-ը համարում է՝ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է: «Եվ մնում է օգնել, որ երկու կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն, ու երկու կողմը կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահոված կլինեն ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը»,- շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։