Ըստ ֆրանսիական BFMTV-ի՝ հունիսի 27-ի անկարգությունների սկզբից, երբ ոստիկանը կրակել է մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարած 17-ամյա պատանու վրա, իրավապահները ամբողջ երկրում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալել են 3490 մարդու։ Այս ընթացքում անկարգությունների մասնակիցներն այրել են մոտ 5900 մեքենա, գրանցել շենքերի հրկիզման կամ վանդալիզմի մոտ 1100 դեպք, այրվել է ավելի քան 12 հազար աղբաման, հարձակման են ենթարկվել 270 ոստիկանական բաժանմունքներ եւ հարյուրավոր քաղաքապետարաններ։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով էլ թալանվել է մոտ 250 բանկային մասնաճյուղ, 200 մթերային խանութ եւ մոտ 10 առեւտրի կենտրոն։
Վիրավորվել են ավելի քան 800 իրավապահներ եւ 35 հրշեջներ, նրանցից մեկը մահացել է։ Թեեւ Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են, այդուհանդերձ, Le Figaro պարբերականի տվյալներով՝ անցած գիշերը շաբաթվա ամենահանդարտն էր։ Անկարգությունների համար ձերբակալել են ընդամենը 72 մարդու։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հետաձգել է հուլիսի 2-4-ը նախատեսված պետական այցը Գերմանիա, հանդիպել է անկարգություններից տուժած 220 համայնքների ղեկավարների հետ՝ հայտնելու իր աջակցությունը եւ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկությունները։ Այս խորհրդակցություններից հետո նախագահը ցանկանում է մանրակրկիտ աշխատանք սկսել՝ խորությամբ հասկանալու համար այն պատճառները, որոնք հանգեցրել են վերջին իրադարձություններին։