Բրիտանական BBC գործակալությունը հայտնել է, որ ամերիկացի ծրագրավորող, ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը հուլիսի 6-ին կմեկնարկի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից Threads հավելվածը։ Հավելվածի նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս եւ կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ըստ ընկերության բնութագրի՝ Threads-ը տեքստային խոսակցության հավելված է։ Meta-ի Threads ծրագրից հետեւում է, որ այն անվճար ծառայություն կլինի, օգտատերների համար էլ գրառումների քանակի սահմանափակումներ չեն լինի: Որպես Meta-ի հավելված՝ Threads-ը միաժամանակ օգտատիրոջ հեռախոսում կպահպանի նրա գտնվելու վայրի, գնումների եւ վեբ-ծանոթության պատմությանը վերաբերող տվյալները:
Ավելի վաղ միլիարդատերեր Իլոն Մասկը եւ Մարկ Ցուկերբերգը պայմանավորվել էին Լաս Վեգասում մենամարտել ութանկյուն ռինգում։ Վեճը սկսվեց նրանից, որ Meta-ն սկսեց մրցակից ստեղծել Twitter-ին։ Երբ դա հայտնի դարձավ, Մասկը Twitter-ում սկսեց ծաղրել Ցուկերբերգին: Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունեց՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում Մասկի հրավերը: Ըստ Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի, որը մտադիր է կազմակերպել երկու միլիարդատերերի մարտը, Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը եւ հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Առայժմ պարզ չէ՝ որքան լրջորեն են տրամադրված երկու տղամարդիկ այս մենամարտի անցկացմանը։