Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլին la Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ–ի անդամ դառնալ արագացված ընթացակարգով։ «Կարծում եմ` նա կարող է անել դա առանց սովորական քաշքշուկի, ինչպես դա եղավ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ»,- ասել է Քլեւերլին։
Նախարարը դժվարացել է ժամկետներ նշել, քանի որ հայտնի չէ՝ երբ կավարտվեն մարտական գործողություններն Ուկրաինայում։ Միեւնույն ժամանակ, ըստ Քլեւերլիի, Ուկրաինայի ԶՈՒ-ն ներկայում ՆԱՏՕ–ի սպառազինության մատակարարումներին, չափորոշիչներին եւ ՆԱՏՕ–ական պատրաստվածությանն առնչվող փորձ ունի։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եթե Ուկրաինան հուլիսին Վիլնյուսում անցկացվելիք գագաթնաժողովին ՆԱՏՕ–ին անդամակցելու հրավեր չստանա, դա կապամոտիվացնի ուկրաինական զորքին։ Ըստ Զելենսկու` ինքը բազմիցս խոսել է եվրոպական երկրների առաջնորդների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ եւ խնդրել «չնեղացնել» Ուկրաինային։