«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ն սողանքի հետեւանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթեւեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթեւեկը Երեւանից մինչեւ Բաթումի։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը եւ հիշեցնում, որ տվյալ իրավիճակը պայմանավորված է վերջին ամիսներին Հայաստանում ու Վրաստանում առկա եղանակային բարդ պայմաններով։ Վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաեւ Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ն վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։