Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` հունվար-մայիսին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 2 միլիարդ 480 միլիոն դոլար: Սա 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 95%-ով, իսկ 2021-ի՝ ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 17,7%-ով: Գերակշիռ մասը՝ 73,9%-ը, Ռուսաստանից է, 10%-ը` ԱՄՆ-ից, մնացածը` այլ երկրներից:
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ Հայաստան մտած գումարից զատ` 1 միլիարդ 713 միլիոն դոլար է կազմել ՀՀ-ից փողի արտահոսքը: Իրավիճակի հիմնական շահողը բանկային համակարգն է, որը բարձր շահույթ է գրանցում փոխանցումներից: Հայաստանի կենտրոնական բանկից նշել են՝ փոխանցումները սովորաբար ցուցաբերում են բարձր տատանողականություն, ինչի պատճառներից մեկն էլ ֆիզիկական անձանց առցանց առեւտուրն է՝ դրսից:
«Հատկանշական է, որ նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած բարձր աճերից հետո դրանք ներկայում դրսեւորում են որոշակի կայունացման միտումներ` ձեւավորված բարձր մակարդակներում: Միաժամանակ հարկ է նշել, որ դրամական փոխանցումների դերակատարումը ՀՀ տնտեսությունում նշանակալիորեն նվազել է, մասնավորապես` 2022-ին զուտ փոխանցումների կշիռը կազմել ՀՆԱ-ի 7,7%-ը»,- նշել են ՀՀ կենտրոնական բանկից: Ըստ գլխավոր դրամատան գնահատականների` 2023-ի ընթացքում փոխանցումներն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կնվազեն՝ մասնակիորեն կրելով նաեւ գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման ազդեցությունները։