Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը հուլիսի 5-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, հայտարարել է, որ Իրանը կողմ է Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությունը շարունակելուն, հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասում, բայց դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։
Աբդոլլահիանը, մասնավորապես, նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է շարունակվեն եռակողմ հայտարարությունների շրջանակում։ Նա հավելել է, որ Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կապի եւ տրանսպորտային ճանապարհների բացմանը։ «Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի: Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային եւ հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տարանցիկ կենտրոնը: Իրանն աջակցում է համագործակցությունը այդ նպատակի եւ ներուժի իրացման համար»,- ընդգծել է Աբդոլլահիանը: Իրանի արտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովման գործընթացների մասին Իլհամ Ալիեւը Բաքվում խոսել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: