ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 6-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները։ Կարեւորվել է տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաեւ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովումը:
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների եւ այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի եւ Հայաստանի անվտանգային միջավայրը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ: