Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը շատ չի ուշացնի որոշման ընդունումը, քանի որ հայկական կողմի դիմումից արդեն մոտ 2 ամիս է անցել։ Նա հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած որոշումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ոչ միայն չբարելավվեց, այլեւ հակառակը` առավել սրվեց, ներառյալ հսկիչ անցակետի, ապա նաեւ բետոնե արգելապատնեշների տեղադրումը։ «Այս զարգացումներին հետեւելով` մայիսի 15-ին դատարան ներկայացրինք 2-րդ խնդրանքը` առավել կոնկրետացնել ժամանակավոր միջոցի կիրառումը, ներառյալ անցակետի տեղադրումը»,-նշել է Կիրակոսյանը։
Նա հավելել է, որ դրանից հետո դատարան նաեւ լրացուցիչ ապացույցներ են ուղարկվել։ Ըստ Կիրակոսյանի` մինչեւ անցյալ շաբաթ շարունակվել է դատարանի հետ նամակագրությունը, սպասում են, որ առաջիկա օրերին արդեն ոչ միայն որոշում կընդունվի, այլեւ այս անգամ դատարանը հետեւողական կլինի այդ որոշման կատարմանը։ «Հայատյացության տրամաբանությունն Ադրբեջանում հասել է շատ բարձր` ինստիտուցիոնալ մակարդակի»,– նշել է Եղիշե Կիրակոսյանը։