ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ 2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն եւ 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին եւ ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները: Եվս 400 դպրոց ցանկություն է հայտնել մոտ ապագայում սկսել տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն եւ իրանական) դասավանդումը: Սակայն այս կամ այն լեզուն ընտրած դպրոցների թվի վերաբերյալ տեղեկություններ գերատեսչությունը չի տրամադրել։
Գերատեսչությունից հայտնել են, որ հաստատությունները տեղեկություն են տրամադրել նաեւ մասնագետի առկայության կամ բացակայության մասին։ Ցանկություն հայտնած դպրոցների զգալի մասը չունի համապատասխան մասնագետ: Կրթության նախարարությունից հայտնել են նաեւ, որ կրթական հաստատություններին տեղեկացվել է՝ պատրաստ լինելու եւ համապատասխան մասնագետի առկայության դեպքում կարող են ինքնուրույն կազմակերպել տարածաշրջանային լեզուների ուսուցումը։