ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը: «Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի եւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Ըստ տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի պաշարների»,-շեշտել է Զախարովան։
Ռուս դիվանագետը նշել է, որ դա հակասում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, ներառյալ՝ 2020 թվականի հայտարարության դրույթներին։ «Բաքվին եւ Երեւանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկությունը քաղաքացիական նպատակներով»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Անդրադառնալով խաղաղապահների գործողություններին, նա նշել է, որ դրանք կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը։ Ըստ Զախարովայի՝ դրանք կընթանան երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հունով։
Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ խաղաղապահ զորախմբի գծով։ «Եվ, իհարկե, շատ բան հենց կողմերից է կախված, նրանց քաղաքական կամքից եւ միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։