ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով զինծառայողներ Կարեն Ղազարյանի եւ Հարություն Հովակիմյանի գերեվարմանը, հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետեւ կեղծ մեղադրանքներ առաջադրելը եւ անարդար դատաքննության ենթարկելը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ «ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ստացված տեղեկության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ եւ ջուր են տանելիս եղել ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր, եւ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն եւ Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից»,- ընդգծել է ՄԻՊ-ը։
Պաշտպանը հավելել է, որ Բաքվի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին եւ միջազգային մարդասիրական իրավունքի, դրանց թվում՝ Ժնեւյան երրորդ կոնվենցիայի պահանջներին: ՄԻՊ-ը շեշտել է, որ զինծառայողները գերեվարվել են ՀՀ ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Մանասյանը հիշեցրել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը գործում է նման իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։ «Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը եւս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները»,- ասված է ՄԻՊ հայտարարությունում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին սպառնում է խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող եւ անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգ, ինչի մասին են վկայում ՄԻՊ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները։ Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում եւ ամփոփում է վերոնշյալ տեղեկությունը եւ ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին եւ այլ դերակատարներին, ինչպես նաեւ պետական իրավասու մարմիններին։