Միացյալ Նահանգների փոստային ծառայության խոշոր փոխադրողներից մեկը՝ ԷյՋեյԱր Թրաքինգ (AJR Trucking) ընկերությունը, մայիսի 21-24-ը Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքում անցկացված Ամերիկայի ազգային փոստային ֆորումին (NPF) փոստային ծառայության (USPS) կողմից արժանացել է երկու բարձրագույն մրցանակների: Ֆորումին մասնակցել է ոլորտի ավելի քան 4000 ներկայացուցիչ։
ԱՄՆ փոստային ծառայության գլխավոր տնօրեն Լուի Դեջոյը այլ բարձրաստիճան ղեկավարների հետ մեկտեղ ԷյՋեյԱր Թրաքինգի գործադիր տնօրեն Հակոբ Խուդիկյանին հանձնեցին երկու մրցանակները՝ «Մատակարարի գերազանցություն 2022» եւ «Տարվա տրանսպորտային գործընկեր 2023»:
Առաջին մրցանակը շնորհվում է այն մատակարար ընկերություններին, որոնք տեխնոլոգիական գործընթացում նորարարություն են ներդրել կամ արձանագրել պայմանագրային պահանջների բացառիկ կատարում՝ միաժամանակ ապահովելով բարձր որակ եւ ժամանակին մատակարարում։
Երկրորդ մրցանակը նախատեսված է փոստային ծառայության այն մատակարարների համար, որոնց տրանսպորտային առաքման կատարողականության ցուցանիշները գերազանց են, միեւնույն ժամանակ ակտիվորեն նպաստում են արտանետումների նվազեցմանը եւ ունեն ռազմավարական ծրագիր՝ ուղղված ապագային միտված էլեկտրական տրանսպորտային միջոցների ներդրմանը: Ի դեպ դա լիովին համահունչ է փոստային ծառայության «առաքում Ամերիկայի համար» ծրագրին:
«ԷյՋեյԱր Թրաքինգը շարունակում է հավատարիմ մնալ որակի, առաքման, վարչական արդյունավետ կառավարման, ճշտապահության եւ գերազանցության դրսեւորման ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ծառայություններ մատուցելու սկզբունքին: Այս մրցանակները վկայում են այն մասին, որ ծառայության որակը, որին մենք ձգտում ենք, պահանջում է շարունակական ջանք եւ նվիրվածություն: Շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգների փոստային ծառայությանը՝ մեզ այս մրցանակներին արժանացնելու համար»,- մեկնաբանել է ԷյՋեյԱր Թրաքինգի գլխավոր տնօրեն Հակոբ Խուդիկյանը։
Որպես փոստ տեղափոխող ամերիկյան ընկերություն՝ ԷյՋեյԱր Թրաքինգն իր կայուն տեղն է ապահովել փոստային ծառայություն մատուցող ամերիկյան ընկերությունների լավագույն տասնյակում: Ընկերության գլխամասը Կալիֆոռնիա նահանգի Քամփթըն քաղաքում է, իսկ գրասենյակներն ու տրանսպորտային տերմինալները տարածված են ամբողջ երկրում։
ԷյՋեյԱր Թրաքինգը հիմնադրվել է 1984 թվականին եւ ամերիկյան փոստին տրանսպորտային ծառայություններ է մատուցում ավելի քան 30 տարի: Հայր եւ որդի Խուդիկյաններն այս ընկերությունը ձեռք են բերել 2007 թվականին։ Ավելի քան 15 տարի առաջ ամեն ինչ սկսվեց 8 բեռնատարով՝ $940․000 եկամուտ ապահովող, իսկ այժմ ավտոպարկում ընկերությունն ունի ավելի քան 500 հիմնականում նորագույն բեռնատար:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Մարշալի անվան բիզնես ֆակուլտետն ավարտելուց հետո Հակոբ Խուդիկյանը մշակեց ընկերության ռազմավարական ուղղությունը եւ ապահովեց դրա զարգացումը՝ ժամանակի ընթացքում ստանձնելով գործադիր տնօրենի պաշտոնը: Նրա հայրը՝ Խաչատուրը, ընկերության նախագահն է՝ ապահովելով կազմակերպական կառույցի ներդաշնակությունը։
Ի դեպ ԷյՋեյԱր Թրաքինգը դիսպետչերական ծառայություններ մատուցող կենտրոններ ունի նաեւ Հայաստանում եւ Մեքսիկայում: Ընկերությունը երեք անգամ արժանացել է «Արծվի ոգի» մրցանակին, որը շնորհվել է ԱՄՆ փոստային ծառայության կողմից՝ «արագ փոխադրումների բարձր որակով կառավարման համար»: Իսկ «Heavy Duty Trucking (HDT)» ամսագիրն էլ ԷյՋեյԱր Թրաքինգը ճանաչել է «HDT 2022 լավագույն կանաչ փոխադրամիջոցը», որն առաջնորդում է ԱՄՆ բեռնափոխադրումների բնագավառի կանաչ հեղափոխությունը:
«Ալիք Մեդիան» առաջիկայում ավելի մանրամասն կպատմի ԷյՋեյԱր Թրաքինգի կանաչ քաղաքականության մասին։