Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ վերջին ամիսներին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվել: Նա հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարների եւ արտգործնախարարների մակարդակով պարբերաբար շփումներ են եղել: Բայրամովը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
Բայրամովն անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքը վերաբացելու՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին կոչերին: «Իհարկե, պետք է լսել այս կոչերը, վերլուծել: Մենք դա անում ենք, համարժեք արձագանք ենք տալիս: Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կատարման վերաբերյալ իր տեսակետն ունի։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք՝ առաջնորդվելով ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահով»,- հավելել է Բայրամովը:
Անդրադառնալով Բաքու-Թեհրան հարաբերություններին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը Ադրբեջանի հարեւանն է, եւ Բաքուն շահագրգռված է, որ Թեհրանի հետ շփումները դրական հունով ընթանան։ Բայրամովը նաեւ հավելել է՝ Բաքուն ցանկանում է, որ Իրանում ադրբեջանական դեսպանատան վրա հունվարի 29-ի հարձակման մեղավորները պատժվեն։ «Իրանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են տարածաշրջանային զարգացման եւ անվտանգության առումով»,- շեշտել է դիվանագետը։