Եվրահանձնաժողովում հայտնել են, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը եւ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի առաջընթացը միմյանց հետ կապ չունեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե հուլիսի 11-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ է անելու Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ընձեռել Թուրքիային, Անկարան էլ Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն կընձեռի:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը ճեպազրույցում շեշտել է, որ այդ գործընթացները չեն կարող փոխկապակցվել, քանի որ ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց. կան որոշակի քայլեր, որոնք պետք է կատարի թեկնածու երկիրը: Արձագանքելով Եվրամիության անդամակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ սատարելով հանդերձ Անկարայի եվրոպական ձգտումներին՝ միաժամանակ համարում է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցման հետ կապելու հարց երբեք չի եղել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել էր քաղաքական, տնտեսական եւ ռազմական նոր դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը: Ըստ իսպանական Corriere della Sera պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի հովանու ներքո ստեղծվելիք միությունը պիտի ներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան: Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել նաեւ Թուրքիայի անդամակցությունն այդ հավանական միությանը։