Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ Արգիշտի թագավորն անձամբ կպատմի Էրեբունու հիմնադրման մասին: Արի ու տես՝ ժամանակակից տեխնոլոգիաները պատմության անիվը հակառակ են պտտում: Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանն այժմ իր այցելուներին շուրջ 2800 տարի հետ գնալու եւ Էրեբունու հիմնադրման պատմությունն Արգիշտիից լսելու հնարավորություն է ընձեռում:
Արգիշտի թագավորը պատմում է Երեւանի ծննդյան վկայականի ու դրա կարեւորության մասին, այնուհետեւ ուրարտերենով հնչում է վկայականի տեքստը։
Լրացված իրականության (AR-augmented reality) տեխնոլոգիան վերջերս է գործարկվել թանգարանում: Շուրջ երեք հազարամյակ հետ գնալու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել հեռախոսի համապատասխան հավելվածն ու գործարկել այն:
Ամրոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ոգեւորությամբ է պատմում այս նոր ծառայության մասին: «Այն գրավում է մեր թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի այցելուներին: Քառալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն հավելվածը նոր շունչ է տալիս թանգարանին՝ այցելուներին մոտեցնելով պատմությանը»,- ասում է նա։
Նորագույն այս տեխնոլոգիան, սակայն, թանգարանում միակը չէ։ Վիրտուալ իրականության մեկ ակնոց, եւ հայտնվում ես ամրոցում, տեսնում Արգիշտի թագավորի՝ Երեւանի հիմնադրման արձանագրության կերտումը, այնուհետեւ ուղեւորվում ուրարտական տաճար։ «Այցելուն հինգ րոպե տեւողությամբ «շրջագայության» ընթացքում ներկա է լինում ծիսական արարողություններին, տաճարի կառուցմանը, ծանոթանում դրա ինտերիերին, արտաքին հատվածին»,- մանրամասնում է թանգարանի տնօրենը։
Այս ծառայությունը եւս քառալեզու է։ Այժմ մեկ ակնոց կա, սակայն նախատեսում են ավելացնել քանակը՝ միաժամանակ մի քանի այցելուի սպասարկելու համար։ «Այս վճարովի ծառայությունը բավականաչափ հավելյալ եկամուտ է բերում թանգարանին՝ նպաստելով նոր ծրագրերի իրագործմանը»,- նշում է մեր զրուցակիցը։
Թանգարանն է գնում այցելուի մոտ
Նախորդ տարի Էրեբունին ամենաշատ այցելուներ հյուրընկալած թանգարանն է եղել Հայաստանում։ Նշանակալի ցուցանիշը Միքայել Բադալյանը պայմանավորում է «թանգարան» հասկացողության նորովի ընկալմամբ։ «Ժամանակները փոխվել են․ այսօրվա թանգարանն այն չէ, որը պատկերացնում էինք 20 տարի առաջ: Այսօր ոչ թե այցելուն պետք է գա մեզ մոտ, այլ մենք պետք է գնանք այցելուի մոտ»,- ասում է Բադալյանը:
Էրեբունու գործունեությունը ներառում է թանգարանային, գիտական աշխատանք, ցուցանմուշների համալրում, բայց կարեւորում են նաեւ թանգարանի հանրահռչակումը, մարքեթինգային արշավներն ու հատկապես կրթական ծրագրերը։ Էրեբունին ամենաշատ կրթական ծրագրեր իրականացնող թանգարաններից է․ «Արի պեղենք միասին», նետաձգության դասեր, քվեստներ, «Պատանի հնագետի դպրոց» եւ այլ նախաձեռնություններ։
«Պատանի հնագետի դպրոցը տարածաշրջանում միակն է, որտեղ կան թե՛ տեսական, թե՛ գործնական դասեր։ Դպրոցահասակներին սովորեցնում ենք՝ ինչ է հնագիտությունը, ինչպես է պետք պեղել, ինչպես սեպագիր կարդալ, որն է թաղման ծեսը, ապա գործնական դասեր ենք անում արհեստական ուսումնական պեղավայրում»,- ներկայացնում է Բադալյանը։
Միջազգային հաջող համագործակցություններ
Այս տարին Էրեբունի թանգարանի համար հագեցած է միջազգային համագործակցություններով։ Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ ծավալուն աշխատանքներ են իրագործվում։ Նախատեսվում է տարեվերջին փակել թանգարանի գլխավոր ցուցադրությունը, բաց պահել միայն փոքր հատված։ 2024-ի ապրիլից արդեն թանգարանում կլինի ժամանակակից եւ ինտերակտիվ անկյուններով նոր ցուցադրություն։
Միջազգային հաջորդ նշանակալի համագործակցությունն էլ Իտալիայի հետ է։ Մի քանի ամսից Հռոմում երկու լեզվով՝ հայերենով եւ իտալերենով, տպվելու է «Նոյից մինչեւ էրեբունի․ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ուրարտական ժառանգությունը» խորագրով 32-էջանոց բրոշյուր։
Գլխավոր զենքը՝ աշխարհում մրցունակ պատմական ժառանգություն
Միքայել Բադալյանը վստահ է՝ հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է սկսել թանգարանի ներսից, աշխատակազմից ։ «Շատ կարեւոր է փոխել թանգարանի աշխատողի մտածելակերպը․ նա պետք է հավատա այն ամենին, ինչ անում է, սիրի դա: Թանգարանը չպետք է լինի աշխատողի վերջին հանգրվանը: Մենք մեծ խնդիր ունենք, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է։ Այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի»,- նշում է նա։
Զուգահեռ, ըստ թանգարանի տնօրենի, պետք է հաստատուն քայլեր կատարել՝ հանրահռչակելու կառույցն ու պատմությունը։ Սա հաճախ ռիսկային է։ Օրինակ՝ ամրոցում նորաձեւության ցուցադրությունը հակասական կարծիքների տեղիք էր տվել։
«Խնդիրը բազմաշերտ է․ ունենք հայրենակիցներ, որոնք տեղյակ չեն, որ այսօր ամբողջ աշխարհն է հանրահռչակման ուղղությամբ շարժվում։ Պատմական հուշարձանների տարածքում մշակութային միջոցառումների իրականացումը, չվնասելով կոթողները, նպաստում է այդ կառույցների ճանաչմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»,- ասում է թանգարանի տնօրենը՝ նշելով, թե այսօր Հայաստանի գլխավոր զենքերից մեկը մեր ժառանգությունն է, որն իրոք մրցունակ է ամբողջ աշխարհում։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: