Ըստ թուրքական Haberler.com պորտալի՝ Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին աջակցելուց հետո Արեւմուտքից լիակատար աջակցություն է ստացել պատժամիջոցների վերացման եւ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Դիտորդները սա լուրջ զարգացում են գնահատում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։ Այս հայտարարությունը շրջադարձային քայլ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիան կարող է դաշինքին միանալ միայն այն բանից հետո, երբ իր երկիրը միանա Եվրոպական միությանը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնելու համար:
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Թուրքիան ստորագրել է դեռեւս 60 տարի առաջ՝ 1963-ին, իսկ 1987-ին հայտ է ներկայացրել միությանն անդամակցելու համար։ Սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005-ին, ընդ որում բազմիցս ընդհատվել են տարաձայնությունների պատճառով։