ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հուլիսի 11-ին ԱԺ-ում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության դրոշի համար սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: Գործող կարգավորումներով՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված եւ մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Նախագծով առաջարկվում է ՀՀ դրոշին առնչվող վերոնշյալ պահանջները խախտելու դեպքերում տուգանք սահմանել: Ըստ այդմ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30 հազարից մինչեւ 50 հազար դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70 հազարից մինչեւ 100 հազար դրամով:
Նշված կարգավորումները ներկայում տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, այս դեպքում դրոշին առնչվող պահանջների խախտումները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության: Միեւնույն ժամանակ առաջարկվում է նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը վերապահել միայն ՀՀ ոստիկանությանը, որպեսզի իրավապահ մարմինը կարողանա տույժեր կիրառել՝ առանց Վարչական դատարան դիմելու: