ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հուլիսի 12-ին Ուկրաինա-ՆԱՏՕ գագաթնաժողովում կառաջարկվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ծրագիր։ Ըստ նրա՝ Ուկրաինան երկար ճանապարհ է անցել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ շատ մոտ է դաշինքին, ուստի ժամանակն է դա արտացոլել նաեւ ՆԱՏՕ-ի որոշումներում։ Ստոլտենբերգը հավելել է, որ պետք է չեղյալ հայտարարել Անդամակցության գործողությունների ծրագիրը, Ուկրաինայի զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ: «Վստահ եմ՝ ուժեղ եւ միասնական որոշում կընդունենք Ուկրաինային մեր աջակցությունը պահպանելու եւ ամրապնդելու համար։ Վստահ եմ նաեւ՝ դաշնակիցները կհաստատեն, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ըստ CNN-ի՝ հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններն առայժմ նախնական բնույթ ունեն: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ենթադրվում է, որ Ջոզեֆ Բայդենը փորձելու է Զելենսկուն համոզել, որ առավելագույնը, ինչ կարող է այս փուլում Կիեւին առաջարկվել, ԱՄՆ եւ դաշնակիցների տված անվտանգության նշանակալի երաշխիքներն են, ինչպես նաեւ դաշինքին անդամակցության ճանապարհին որոշ բյուրոկրատական խոչընդոտների վերացումը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ եթե գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չուղարկվի, Զելենսկին հավանաբար չի մեկնի Վիլնյուս։