ՅԱՆՈՇ ՊԻԼԻՆՍԿԻ՝ ՓՈՒԽՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Այն, ինչ ոչ ոք սիրտ չարեց
«Դու փորձեցիր այն, ինչ
ոչ ոք սիրտ չարեց, որբի մեկը, որբ»:
1996-ին՝ բանաստեղծի 75-ամյակի տարին, նրա «Մեծ քաղաքի սրբապատկերներ» գործից այս տողերն է ընտրել-մեքենագրել Դյորդյ Պետրին` իմ նախորդ էսսեի հերոսը։ Ի՞նչ էր հանդգնել անել Պիլինսկին (1921-1981), որ «Հունգարիայի վերջին մեծ բանաստեղծը» այս տողերն էր շեշտել նրա ամբողջ ժառանգությունից… Եթե, իհարկե, հեղինակն ինքն իրեն էր դիմում «դու փորձեցիր» բառերով։ Կապ ունե՞ր դա արգելքի հետ, որ 1946-ից մինչև 1958-ը «սոցիալիստական» վարչակարգի գրաքննությունը կիրառել էր Պիլինսկու ստեղծագործությա՛ն հանդեպ, թե՞ վերաբերում էր նրա վարքին, կյանքին։
Անցյալ աշնանը մեկ ամիս անցկացնելով Բուդապեշտում՝ ես փորձեցի բացահայտել մարդկանց հանդեպ անսահման կարեկից, բայց ինքնամփոփ ու մեղքի զգացումից շարունակաբար տառապող Պիլինսկու առեղծվածը։ Բանաստեղծական ինքնախարազանման երևույթին մենք քաջ ծանոթ ենք Նարեկացուց, բայց միջնադարում դա իրականության ընկալման հիմնական կերպն էր քրիստոնեական գրականության մեջ՝ ամեն աղետ ու դժբախտություն մեր մեղքերի պատճառով է։ Ժամանակակից մշակույթը ավելի լայն դաշտում է մարդկային մղումները փնտրում։
Բավարար պարզաբանումներ չգտնելով Պիլինսկու կենսագրությանը նվիրված աշխատություններում՝ ես որոշեցի փնտրել նրան անձնապես ծանոթ, մտերիմ մարդկանց։ 2021-ին Հունգարիան նշել է բանաստեղծի 100-ամյակը, այսինքն՝ սերնդակիցներից քչերն են ողջ։ Հունգար խորհրդատուներս ինձ ուղղորդեցին դեպի Իշտվան Յելենիչը՝ 90-ամյա հոգևորականը, Պիլինսկու երկարամյա բարեկամը, նրա ստեղծագործությանը նվիրված բազմաթիվ վերլուծությունների հեղինակը։ «Միայն թե առողջ լինի», «Միայն թե համաձայնի հանդիպել»՝ մաղթում էին ինձ բոլորը։ Հայր Յելենիչը վատառողջ էր, բայց մեկ շաբաթից հանդիպում նշանակեց, վերադարձիս օրվան մոտիկ։ Ես փորձեցի մինչ այդ իմ «հետաքննությունը» անցկացնել՝ սկսելով արդեն մեջբերված տողերի վերլուծությունից։
«Որբի մեկը, որբ»
Պիլինսկին ոչ միայն որբ չի եղել, այլև թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից սերել է տոհմերից, որոնց մի քանի հարյուրամյակի պատմությունը հայտնի է հետազոտողներին։ Մենք կարող ենք միայն երազել դա հայ հեղինակների դեպքում՝ օտար իշխանությունը ճնշել, դուրս է մղել երկրից, ոչնչացրել ազնվականությանը, անվանի տոհմերին, անձանց, պարբերական տեղահանությունների պատճառով կորել են նրանց մասին տվյալները…
Պիլինսկու մայրը ծագում էր Հյուսիսային Լոթարինգիայի ֆրանսիացի կաթոլիկ ազնվականներից, որոնք հետագայում գերմանացան, հետո հայտնվեցին հունգարաբնակ Ռումինիայում, ի վերջո՝ Բուդապեշտում։ Հայրական կողմը լեհ մսագործներ էին, որոնց ուշ սերունդները հռչակավոր արվեստագետներ դարձան. Յանոշի հորեղբայրներից մեկը հայտնի տենոր էր, մյուսը՝ ջութակահար։ Հայրն էր միայն, որ ճարտարագետ դարձավ։ Նա Առաջին աշխարհամարտին մասնակցել է որպես սպա, վիրավորվել և հոսպիտալում հանդիպել ապագա կնոջը՝ Եվա Բայցին, որը կամավորագրվել էր որպես գթության քույր։
Արժե այստեղ հապաղել և անդրադառնալ Եվրոպայի խնդիրներին, որ ի հայտ է բերում սրընթաց էքսկուրսը. մարդկանց տոհմաբանությունը հասանելի է, բայց սահմանների հաճախակի փոփոխության կամ վերաբնակեցման պատճառով քաղաքակրթորեն հարազատ, նույնահավատ միջավայրում հաճախ տեղի էր ունենում կամավոր ուծացում, բայց երբ դա կրկնվում էր ամեն կես դարը մեկ, սեփական ինքնությունը որոշակիացման բարդությունների էր բախվում, որը… Պիլինսկու համամարդկայնության ակունքներից մեկն է։
Նրա հայրը տանը խիստ է եղել, ծեծը՝ սովորական պատիժ, արու զավակի՛ համար, ոչ նրա չորս քույրերի։ Վերոնիկան, որ երկու տարով մեծ էր Յանոշից, նրա հետ խաղում էր որևէ սիրած խաղալիք իրեն զիջելու պայմանով։ Ծեծ չէ, բայց էժա՞ն գին է երեխայի համար։ Էսսեներից մեկում Պիլինսկին մանկության ողբերգությունը համարում է ոչ պակաս մեծ, քան երիտասարդ կամ հասուն տարիքինը։ Այսուհանդերձ, բանաստեղծը գերադասում է լինել զոհ, քան հանցագործ, բոլոր տարիքներից գերադասում է մանկությունը, երբ իր հանդեպ են անարդար, ոչ թե ինքն է անարդար.
Ողջ կյանքով մեկ
1.
Մենք կոտրում, կիսում ենք
սոսկ մենք՝ ինքներս,
այն, ինչ մի է և անքակտելի։
2.
Իսկ այնուհետև, հաջորդիվ
կյանքներովս մեկ,
կուրորեն ու խուլ, իզուր փորձում ենք
աշխարհի անբիծ
ու նախասկզբնական
գործքը շուլալել։
3.
Մեռնել պետք է հենց մանուկ ժամանակ՝
իմացության գագաթին, խոնարհության բարձունքին,
բայց շարունակում ենք ապրել՝ կարելով ու
ու կարկատելով աննորոգելին։
4.
Լավ է, դեռ կարող ենք քուն մտնել՝ մեկումեջ
ու վերջում։
«Փշեր» ժողովածուից (1971-1972)
Ցանկացած արարք կարող է խաթարել աշխարհի (հնարավոր) ամբողջականությունը. այս վտանգի ներքո է ապրում բանաստեղծը մանկությունից սկսած։ Իսկ ինչ կկատարվի արդեն երիտասարդ զգայուն անհատականության հետ, երբ նա բախվի այնպիսի հոգեկան ճգնաժամի, ինչպիսին Աշխարհամարտն է, որն ավարտվել էր 1918-ին և վերսկսվեց 1939 թվականին։
Ամենաարտասովոր հուշերը պատերազմի մասին
Պիլինսկին ուսանող էր Երկրորդ աշխարհամարտի ընթացքում. նախ՝ իրավաբանական, ապա՝ բանասիրական, վերջում՝ հունգարա-իտալական մշակույթի պատմության բաժիններում, Պետեր Պազմանյի անվան գիտական համալսարանում (մի քանի տասնամյակ հենց այդպես՝ «գիտական» էր կոչվում Հունգարիայի հնագույն, 1635 թվականից գործող համալսարանը)։ Ավարտական տարին՝ 1944-ին, նա չցանկացավ դիպլոմ ստանալ, իսկ նոյեմբերին զորակոչվեց բանակ։
Պիլինսկին և հունգարական առաջին էսսեիս հերոսը՝ Նոբելյան մրցանակակիր Իմրե Կերտեսը, պատերազմի ավարտը դիմավորել են փշալարի տարբեր կողմերում։
Կերտեսը դպրոցական էր, 15 տարեկան, երբ 1944-ին հունգարական կառավարությունը ընդառաջեց Հիտլերին, հարյուր հազարավոր հրեաների արտաքսեց Գերմանիա։ Հրեական ընտանիքում ծնված Իմրեն միայն պատահական ստի՝ տարիքով ավելի մեծ ներկայանալու շնորհիվ համակենտրոնացման ճամբարում ոչ թե գազախցում հայտնվեց, այլ համարվեց աշխատանքի պիտանի և գոյատևեց Բուխենվալդում ու Օսվենցիմում մինչև ֆաշիստների պարտությունը։ Շուրջ երեսուն տարի անց նա ճամբարական կյանքի մասին պատմեց իր գլխավոր գրքում՝ «Անբախտություն» վեպում, որը հետագայում նրան Նոբելյան մրցանակ բերեց։
1945-ի փետրվարին շարքային Պիլինսկո՛ւն ուղարկեցին Գերմանիա՝ որպես դաշնակից երկիր։ Նա ծառայեց համակենտրոնացման ճամբարներում, որտեղ ինչ-որ օժանդակ գործեր էր անում, հետո գերի ընկավ ամերիկացիներին։ 1945-ի աշնանը ազատ արձակվեց։
Պիլինսկու պատերազմական հուշապատումը լույս է տեսել «Քաղց» վերնագրով։ Սա տարբեր տարիների գրած էսսեների ժողովածու է, բանաստեղծի հայացքով շարադրված։ Որոշ հատվածներ՝ կարճ, բայց անսպասելի ու տարողունակ պատկերներ, համեմատություններ, կարող են առանձնացվել որպես բանաստեղծություն.
Մեկ-երկու անիմաստ էլեկտրական լար օդում՝ անիմաստ տարածության տավիղի լարերը։
Եվ մարդիկ՝ գծավոր շորեր հագած կավճաճերմակ սափորներ, որոնց հայացքը հավիտյան սառել է։
Համազգեստն այլևս զինվոր լինել չէր նշանակում։ Նա միայնակ հոգի է՝ կտրված մարդկային հասարակությունից, շատ ավելի, քան միջնադարյան բորոտները։
Մեր կոշիկների աղմուկը դադարեց այստեղ, և այնպիսի լռություն տիրեց, ինչպես ծառը ցնցելուց գետնին թափված մրգերից հետո…
Այնուամենայնիվ, պոետիկ արձակն էլ չէ այս հուշերի բացառիկությունը, շատ բանաստեղծներ են այդ ոճով արձակ գրում, այլ էսսեների զինվոր-հերոսի պահվածքը։ «Տասնապետը» վերնագրով պատմության հերոսը շարքային զինվոր է, որին չարչարում են սպաները՝ մինչև ուշ գիշեր քնից հանելով ու ջրի ուղարկելով, մինչ իրենք խմում ու թուղթ են խաղում։ Հատկապես հետևողական, նույնիսկ անիմաստ դաժան է տասնապետը։ Մի անգամ, երբ փարչը ջուր լցնելիս զինվորը տակառը շուռ է տալիս, սերժանտը մյուս սպաների հավանությամբ հրամայում է, որ իջնի գյուղ, երկու ձի լծի սայլին, բարձրանա, տակառը վերցնի, իջնի նորից գյուղ, ջուր լցնի, բերի զորանոց… կես ժամում։ Զինվորը ընկնում է հարդի պարկին, որն իր անկողինն է, ու… սկսում է հեկեկալ։ Նրան գիշերը արթնացնում է տասնապետը… խնդրում, որ միայն լամպը պահի, իսկ ինքը… դույլերով ջուր է կրում։ «Սնդուկիս մեջ կոնյակի շիշ կար, երեք անգամ տարա նրա մահճակալի մոտ, մինչև նա ընդունեց։ Այդ ընթացքում մենք ձեռքերով իրար էինք հպվում, բայց չէինք հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ, այլ այն միայն, որ դա ինչ-որ արտառոց ու անվերջանալի բան էր»։
Նրանք մի քանի անգամ էլ են հպանցիկ շփվում, մինչև տասնապետը գալիս է հրաժեշտ տալու։ «Նա ձեռքը դրեց ուսիս և խոսեց ինձ հետ. քամին փչեց խոտերում, և ծղրիդները երգեցին։ Նա քնքշորեն ու ազատ գրկեց ինձ ու նորից ինչ-որ բան ասաց, երբ բաց թողեց»։ Այդ պահին արդեն հերոսը գիտե, որ «նա չի փրկվի պատերազմից»։
Ահա թե ինչ զարմանալի ձևով է մի երիտասարդի հոգեկան փխրունությունը կոտրում բանակային բռի նվաստացման շղթան, սիրո ու հոգածության վերափոխում բուլինգը, ժամանակակից բառով։
Հուշապատումների մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց հերոսին զինվորական ծառայությունը, պատերազմը մղում է դեպի հավատը։ Դա էլ ինքնին տարօրինակ չէ, հատկապես Հայաստանում, որտեղ բազմաթիվ նոր եկեղեցիներ են կառուցվել Անկախության շրջանում, սովետական սահմանափակումներից հետո, բայց XX դարի երկրորդ կեսից Եվրոպայի եկեղեցիները սկսել են դատարկվել, և գործընթացը շարունակվում է։
«Զանգը նոր էր հնչում, երբ նա մտավ եկեղեցի։ Մի վայր, որտեղ հարկ չկա կանգ առնելու դռան դիմաց: Դա նրա առաջին զգացումն էր։ Համազգեստն այլևս նրա համար զինվոր լինել չէր նշանակում։ Այլ ավելի շատ՝ այն, որ նա միայնակ, մարդկային հասարակությունից կտրված հոգի էր, միջնադարյան բորոտների պես։ Բայց հիմա դա կարծես անցավ։ Ասես տուն էր հասել՝ անշտապ ծնկի եկավ նստարանների շարքի հետևում։ […] Այստեղ նա միայն մարդ էր՝ սոված, հոգնած, որբ մարդ, բայց վերջապես նորից` մարդ։ Աննկարագրելի, երբեք չզգացած քաղցը պատեց նրան՝ Տիրոջն իր մոտ բերելու»։ («Անհրաժեշտ սնունդ», 1961)
Երկրորդ աշխարհամարտի «ախտորոշումը»
Անհավատալի է, բայց Հունգարիան որպես երկիր հենց այս փուխր երիտասարդի տողերով է հարգել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը.
Արար-աշխարհից՝ այս մի տեղը,
հենց այս մեն-միակ տեղն է,
որ քեզ համար հայթայթեցիր։
Բանաստեղծությունը կոչվում է «Մի համակենտրոնացման ճամբարի պատին», մեջբերված տողերը փորագրված են Բուդապեշտի Ֆիումեի խճուղու գերեզմանատուն-պանթեոնի՝ Երկրորդ աշխարհամարտին զոհված հունգար զինվորների հուշարձանին։
Հունգարացի զինվորականները, կամա թե ակամա, կռվել են Չարիքի կողմից։ Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Պիլինսկուն կարելի էր վստահել այդ պատերազմի «ախտորոշումը»։ Պիլինսկու պոեզիայի յուրահատկությունն է, որ զոհն ու դահիճը հավասարապես դիտարկվում են որպես զոհ վերանցական իմաստով։
Մեր կողքին, բայց մեր ըմբռնումից դուրս ընթացող ցեղասպանությունը
Մեկ այլ օրհասի՝ Հոլոքոսթի կնիքն է կրում Յանոշ Պիլինսկու պոեզիան, ըստ Հունգարիայում տարածված ընկալման։ Թեև ընդամենը 5-6 բանաստեղծություն է, որ առնչություն ունեն ֆաշիստական Գերմանիայի իրականացրած ցեղասպանության հետ։ Ոչ շատ ուղղակի, քանի որ զանգվածային սպանություններ կամ կտտանքներ չեն նկարագրում։ Իրականության պատառիկներ են երևակվում բանաստեղծություններում, պարուրված մահվան ու լռության մշուշով։ Հովհարաձև համապատասխանելով հունգարուհի փիլիսոփա Ագնեշ Հելերի ձևակերպմանը, թե «Հոլոքոստը շրջապատված է չորս տեսակի լռությամբ՝ մեղքի լռություն, ամոթի լռություն, սարսափի լռություն և անիմաստության լռություն»:
Ես այնքան եմ սիրում Պիլինսկու պոեզիան, որ կմեջբերեի 5-6 բանաստեղծությունն էլ, բայց էսսեի տրամաբանական ծավալներում մնալու համար միայն մի թարգմանությունս ներկայացնեմ, որտեղ առկա է Հոլոքոստի հիմնական միջավայրի անունը.
ՔԵՐԹՎԱԾ
Հող չէ հողը։
Թիվ չէ թիվը։
Տառ չէ տառը։
Խոսք չէ խոսքը։
Աստված է Աստված։
Ծաղիկն է ծաղիկ։
Այտուցն է այտուց։
Ձմեռն է ձմեռ։
Եվ համակենտրոնացման ճամբար է
անորոշ գծագրության բոլորափակ տարածությունը։
Իմրե Կերտեսը ակնածանքով է վերաբերվել Պիլինսկուն և ընծայագրել է նրան «Անբախտություն» վեպը։ Ցավոք, ոչ մի տեղեկություն չկա, թե ինչպես է գնահատել այն Պիլինսկին։
Հոգևորականը դատապարտեց բանաստեղծին
Պայմանավորված օրը ես հյուր գնացի Իշտվան Յելենիչին, որը աստվածաբան է, բանաստեղծ, 17-րդ դարից գործող Ordo Clericorum Regularium Pauperum Matris Dei Scholarum Piarum անունով կրթական միաբանության ճեմարանի սան, հետագայում՝ անդամ և դասախոս։ Մեծ հարգանք է վայելում Հունգարիայում այս միաբանությունը, որի՝ տարեց հոգևորականներին հատկացված խնամատան հյուրասենյակում էլ մենք հանդիպեցինք։ Շենքը «սոցիալիստական» Հունգարիան հատկացրել էր համալսարանի բանասիրական բաժնին, որտեղ ինքս 1980-ականների վերջին որպես ազատ ունկնդիր հաճախել եմ դասախոսությունների, վարչակարգի փոփոխությունից հետո այն վերադարձվել է միաբանությանը։
Կարճ ներածությունից հետո, որի ընթացքում ես պատմեցի, որ էսսեների շարք եմ գրում իմ թարգմանած ու առանձին գրքերով հրատարակած հեղինակների մասին, Հայր Յելենիչը սկսեց խոսել Պիլինսկու մասին։ Առաջին մի քանի րոպեից հետո ես հասկացա, որ նա բառ առ բառ կրկնում է բանախոսությունը, որ ես նայել էի Յութուբում մի քանի օր առաջ։ Մեղմորեն ընդհատեցի նրան, քանի որ ելույթը տևում էր 45 րոպե, որից հետո նա կարող էր ավարտել մեր հանդիպումը, և հարցրի իրենց անձնական հարաբերությունների մասին։ Պատասխանեց, թե դա ընկերություն չի եղել, քանի որ Պիլինսկին մի քանի անգամ նեղացել է իրենից, ու իրար հետ որոշ ժամանակ չեն շփվել։ Ես խնդրեցի պատմել մի երկու օրինակ։
Հայր Յելենիչը և Պիլինսկին ծանոթացել են 1960-ականներին։ Օրեր անց Պիլինսկին զանգել է Յելենիչին, ուշ երեկոյան, որպեսզի իր նոր բանաստեղծությունը կարդա։ Յելենիչը չի համաձայնել՝ պատճառաբանելով, որ զբաղված է, պատրաստվում է հաջորդ օրվա դասախոսությանը։ Պիլինսկին կախել է լսափողը։
Պիլինսկի-բանաստեղծի կերպարը սիրելի է հունգարական հասարակությանը իր ներամփոփությամբ ու սակավախոսությամբ։ Նաև որպես հավատացյալ՝ աթեիստական իշխանության օրոք։ Շատերը նույնիսկ նրան համարել են կաթոլիկ բանաստեղծ, բայց Պիլինսկին պատասխանել է՝ «Ես կաթոլիկ եմ և բանաստեղծ»։ Միգուցե նրա համար բնական է եղել, որ զանգահարում է կաթոլիկ հոգևորականին։ Միգուցե բանաստեղծությունը պարունակել է քրիստոնեական խորհրդանիշներ, որոնցով հարուստ է նրա պոեզիան, և ակնկալել է, որ հենց հոգևորականն է իր լավագույն ընթերցողը։ Բայց Յելենիչի մեջ քրիստոնեական սերն իր ուսանողների հանդեպ ավելի մեծ եղել, քան նոր բանաստեղծ-բարեկամի։
Ես տվեցի հարց, որին իմ զրուցակիցը չէր անդրադարձել իր հոդվածներում ու դասախոսություններում։ Ինչպե՞ս էր վերաբերվում Պիլինսկին կանանց։ Տարիքից կորացած հոգևորականը բարձրացրեց գլուխը, ես բարկություն տեսա նրա սովորաբար մեղմաժպիտ դեմքին.
— Նա մեղսավոր է, նա երեկոյան դուրս էր գալիս և փողոցային կանանց էր գնում։
Ես հարցրի, թե դա ինչ է նշանակում, որ վստահ լինեմ՝ ճիշտ եմ հասկացել. հունգարերենը իմ մայրենի լեզուն չէ։ Յելենիչը կրկնեց իր խոսքը, նույն զայրալից շեշտով։ Իմ մտքով մի հարց էլ էր անցել, բայց այն կարող էր լիովին հանել հունից տարեց մարդուն։ Որոշեցի ուրիշ «փորձագետի» տալ հարցս։
Ինչո՞ւ է սրբադասումը դարեր հետո կատարվում
Մարդիկ բամբասանքն ավելի շատ են սիրում, քան սրբերին, որոնք խանգարում են նրանց ապրել իրենց սովորական կյանքը… թերարժեքության զգացում են հարուցում։ Եվ դարեր են պետք, որ բամբասանքը անհետաքրքիր դառնա, մոռացվի, սրբությունն էլ այնքան հեռու լինի, որ չճնշի։
Պիլինսկին երեխա ժամանակ շփվել էր հանցագործ աղջիկների հետ ուղղիչ հաստատությունում, որտեղ մի կարճ ընթացք հայտնվել էր նաև Վերոնիկան։ Դա էր պատճառը նրա առանձնահատուկ վերաբերմունքի դեպի «թեթև վարքի» տեր կանայք՝ պարզաբանում են հունգար գրականագետները։ Բայց Պիլինսկին «գնու՞մ էր» նրանց, թե՞ զգացմունքային կապ էր զգում։
Անվանի գրականագետ Զոլտան Հաֆները ինձ Բուդապեշտում ցույց տվեց Հայոշ փողոցի այն տունը՝ Օպերետի թատրոնից ու Օպերայից ոչ հեռու, որտեղ երկար տարիներ ապրել է բանաստեղծը։ Նա պատմեց, որ Պիլինսկին ցանկացել է ամուսնանալ Օպերետի թատրոնի դրվագային մի դերասանուհու հետ, որը հոմանուհու համբավ է ունեցել։ Մի քանի տարվա մտերմությունից հետո։
Բանաստեղծի բարեկամները՝ արվեստի աշխարհի հայտնի ներկայացուցիչներ, նրան հետ են պահել, մեծ դժվարությամբ։ Այսինքն՝ խոսքը քրոջ և իր երբեմնի միջավայրի հանդեպ զգացմունքային հակման մասին է, որը գալիս էր մանկությունից և արտացոլք ունի Պիլինսկու այսբերգ-բանաստեղծություններից մեկում.
ՔՐՋԵՐԻԴ ՄԵՋ ԵՎ ԱՌԱՆՑ
Քրոջս
Որպես մի չքնաղ ամբողջության,
ասես ողբալի մի բեկորի,
նայում եմ քեզ, դիտում
մի կողմից, մյուս, վերից վար,
քրջերիդ մեջ և՝ առանց։
Պիլինսկին գրել է, որ քույրն իշխում էր իրեն փերու գեղեցկությամբ, բայց խնամում էր իրեն հանդարտությամբ՝ ասես ջերմոցի բույսի։ Նա դադարեց բանաստեղծություն գրելուց, երբ քույրը ինքնասպան եղավ 1975-ին։
Այն, ինչ չհարցրի Յելենիչին, Պիլինսկուն վերաբերող մի սկանդալ էր, որի մասին Հունգարիայում իմացա։ Բժիշկ-գենաբան Էնդրե Չեյզելը հոդվածներ էր հրապարակել բանաստեղծի լատենտ-միասեռականության մասին։ Նա Պիլինսկու կենսագրությունից առանձնացրել էր մի քանի դեպք, երբ նա առանձնահատուկ ջերմություն է ցուցաբերել տղամարդկանց հանդեպ։
Զոլտան Հաֆները զայրույթով հերքեց այդ մեկնաբանությունները՝ համարելով բացարձակ անհիմն. սեռական հարաբերության մասին որևէ փաստի բացակայության պայմաններում, պարզաբանեց նա, միայն էժանագին համբավի ձգտումը կարող էր հանգեցրել բանաստեղծին ամբաստանելուն։
Ես հիշեցի «Տասնապետը» պատմվածքը, որն ակնհայտորեն վրիպել էր Չեյզելի ուշադրությունից, այլապես ավելի մեծ ոգևորությամբ կաներ իր պնդումները։ Բայց, ըստ իս, նորից կսխալվեր։ «Կոմունաները»՝ բանակը, փակ հաստատությունները, դասընթացները, ճամբարները մարդկանց միջև ստեղծում են շփոթահարույց կապ, որը դերային սահմանափակումից դուրս է և ավելին է, քան ընկերությունը, բայց պակաս կամ ուրիշ, քան «ավանդական» զգացմունքները։ Այս «միջզգացմունքային» պահերը որպես շեղում կամ մեղք հռչակելը (առնվազն հասարակության մի հատվածի ընկալմամբ) հավանաբար դիմադրություն է սրբակեցության այն լուսապսակին, որին մեծ բանաստեղծը արժանացել էր իր ամբողջ կյանքով։
Այնուամենայնիվ, ի՞նչ ակնարկ էր պարունակում իր իսկ՝ Պիլինսկու «ցուցմունքը», «Մեծ քաղաքի սրբապատկերներ» բանաստեղծության տողերը.
ոչ ոք սիրտ չարեց, որբի մեկը, որբ»:
Եթե ոչ իրական, ապա մտավոր կամ գեղարվեստական հանդուգն արարքի՞։ Գրականագետ Գերգեյ Անդյալոշին մեծ քաղաքը համարում է Մոսկվան, որտեղ 1961-ին եղել է Պիլինսկին՝ հունգար գրողների պատվիրակության կազմում, իսկ փորձը, որը ոչ ոք չէր արել… 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունը։ Նա այցելել էր Լենինի դամբարան, հետևաբար փորձի հեղինակն էլ «համաշխարհային պրոլետարիատի առաջնո՞րդն» էր։ Այս մեկնաբանությունը չի բացատրում, թե ինչու է Լենինը որբ, և ինչու պետք է հավատացյալ Պիլինսկին համարյա փաղաքշաբար դիմեր կրոնի, եկեղեցու ամենամեծ թշնամիներից մեկին։ Կամ ազդակն իսկապես եկել է այդ դեպքից, բայց ավելի ընդգրկուն իմաստ է ձեռք բերել հիմա, երբ Լենինը «որբացել» է՝ զրկվելով իր ստեղծած մենատեր կուսակցությունից և մնալով անայցելու իր երկրի գլխավոր դամբարանում։
Միգուցե։ Ստեղծագործությունները չեն պահածոյանում հեղինակի մահից հետո, իրենց ինքնուրույն կյանքն են ապրում։ Այդպիսին են նաև «Հունգարական օրագրի» վերջին հերոսի գործերը։ Նրա կյանքը ևս անցնում էր արվեստի գայթակղիչ միջավայրին մերձ, նույնպես՝ Օպերետի թատրոնի մոտակայքում, նա գրում էր «գրպանի վեպեր»՝ արկածային ժանրում, որոնք պետք է մոռացվեին կարդալուց օրեր անց, բայց ամենաընթերցվող գրքերն են Հունգարիայում լույս տեսնելուց համարյա մի դար անց։
Յենյո Ռեյտո։ Գրական ծածկանունով՝ Փ. Հովարդ։ Իսկական ազգանունով… Յենյո Ռեյխ։
My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture