ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023-ի հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ դատարանը միաձայն վերահաստատում է 2023-ի փետրվարի 22-ի իր որոշումը՝ մինչեւ գործի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը Ադրբեջանին կրկին պարտավորեցնելով Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:
Դատարանը 2023-ի հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատում է Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը եւ, ըստ այդմ, անհապաղ դադարեցնել իր անցակետի գործունեությունը, քանի որ դա անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:
Դատարանը միաձայն հաստատել է, որ 2023-ի փետրվարի 22-ի որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի տեղադրած անցակետի նկատմամբ, եւ որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է: Դատարանի հուլիսի 6-ի որոշումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի` դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ պնդումները կեղծ էին եւ մանիպուլացնող: ՀՀ ԱԳՆ-ն միջազգային մյուս դերակատարներին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ձեռնարկելու բոլոր քայլերը՝ ապահովելու համար Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ եւ արդյունավետ իրականացումը:
Հուլիսի 7-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել էր Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։ Բաքուն պնդում էր, որ դատարանը վերահաստատել է «Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։